Համահայկական խաղերը հայրենադարձության յուրահատուկ կամուրջ են. Ստեփան Դերբեդրոսյան

Տեսանյութ.

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխնախագահ Ստեփան Դերբեդրոսյանը հատուկ վերաբերմունք ունի բասկետբոլի նկատմամբ: Գրեթե ոչ մի խաղ բաց չի թողնում Համահայկական 7- րդ ամառային խաղերի ընթացքում, քանի որ անձամբ տարիներով բասկետբոլ է խաղացել Լիբանանում: Նա, սակայն, չի շարունակել այդ ուղղությամբ, որովհետև 1978-79- ականներին, երբ տարված էր սպորտով, Լիբանանը պատերազմների մեջ էր, և առաջնայինը բասկետբոլային կարիերան չէր:

Փոխարենը Ստեփան Դերբեդրոսյանը հայապահպան գործունեություն է ծավալել Սփյուռքում՝ ի թիվս ազգային այլ կառույցների 2011 թվականից զբաղվելով Համահայկական խաղերի կազմակերպչական հարցերով:

Նա վստահեցնում է, որ Համահայկական խաղերի անցկացումն ամենամեծ նախաձեռնությունն է, որը ոչ միայն հաջողել է, այլև զարգացել, տարեցտարի նորանոր բարձունքներ նվաճել:

Ըստ նրա՝ խաղերով ամբողջ աշխարհի հայերը հավաքվում են հայրենիքում, ծանոթանում, կապեր ստեղծում, ընտանիք կազմում, դա յուրահատուկ կամուրջ է, որը նպաստում է հայրենադարձությանը. ոմանք վերադառնում են ընդմիշտ ապրելու Հայաստանում:

Սպորտը համախմբման շատ ազնիվ միջոց է, համոզված է Ստեփան Դերբեդրոսյանը, այդտեղ տարակարծություններ չկան, ձևավորվում են առողջ մտածելակերպ, առողջ մարմին, առողջ ոգի, որոնցով կերտվում է հզոր հայրենիք:

Նրա կարծիքով՝ շատ կարևոր էր խաղերի բացումը Ստեփանակերտում անցկացնելը. բոլոր դժվարությունները հաղթահարելով՝ ապացուցեցինք, որ Հայաստանի Հանրապետություն- Արցախ- Սփյուռք կապը շատ ամուր է, մենք միասնական ենք:

Ստեփան Դերբեդրոսյանը հույս հայտնեց, որ կգա ժամանակ, երբ ոչ միայն բացումն ու մի քանի մրցույթ, այլև խաղերն ամբողջությամբ կանցկացվեն Արցախում:

Համահայկական ամառային 7- րդ խաղերը տեղի են ունենալու օգոստոսի 5-17-ը՝ Հայաստանում և Արցախում։ Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերն անցկացվել են Ստեփանակերտում, իսկ հաջորդ օրերը՝ Երևանում: Խաղերին մասնակցում են պատվիրակություններ 35 երկրից և 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ, մարզական պատվիրակների թիվը հասնում է մոտ 5300-ի։ Ամենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից է, որը ներառում է 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում է 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը և Չեխիան: Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին ,  Երևանում՝ Ազատության հրապարակում։ Խաղերի նշանաբան է՝ «Միասնություն՝ սպորտով»: