ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանի շնորհավորական ուղերձը՝ Կամավորների միջազգային օրվա կապակցությամբ

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ողջ աշխարհում նշվում է Կամավորների օրը։ Գաղտնիք չէ, որ այս օրը բազմաթիվ կազմակերպությունների անդամների ու անհատների համար հանդիսանում է տոն։ Տոն, որը կոչված է արտահայտելու մեր առանձնահատուկ երախտագիտությունը ՝ տեղական, ազգային ու գլոբալ մակարդակներում փոփոխությունների տանող հասարակական մասնակցության համար:

Սիրելի՛ կամավորներ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ այս կարևոր տոնի կապակցությամբ:

Ցանկանում եմ իմ առանձնահատուկ երախտագիտությունը հայտնել տարիներ շարունակ մեր կողքին կանգնած, Համահայկական՝ և՛ ձմեռային, և՛ ամառային խաղերին մասնակցած և իրենց յուրահատուկ ներդրումն ունեցած մեր կամավորներին:

Կամավոր լինել, նշանակում է լինել նվիրված։ Իսկ նվիրվածությունն այն գլխավոր նպատակադրումն է, որ կարող է ունենալ ցանկացած մարդ՝ իր գործը լավագույնս կատարելու համար։ Կամավորության ինստիտուտը մերօրյա լավագույն հնարավորությունն է զարգանալու, մասնագիտանալու և փորձ ձեռք բերելու համար: Այն բերում է ուժեղ կառավարման, հասարակական համախմբվածության, խաղաղության և կայուն զարգացման։

Թո՛ղ որ յուրաքանչյուրիդ կողմից արված գործը դառնա մեծ ներդրում մեր պետության և հասարակության զարգացման ու բարօրության համար:

Իշխան Զաքարյան

ՀԽՀԿ նախագահ

05.12.2019