[:en]Իշխան Զաքարյանը հերթական անգամ այցելել է Արցախ՝ ծանոթանալու Համահայկականի բացման նախապատրաստական աշխատանքներին[:]

[:en]Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հերթական անգամ այցելել է Արցախ՝ ծանոթանալու խաղերի բացման նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Ստեփանակերտի գլխավոր մարզադաշտում արդեն ընթանում են գլխավոր՝ միասնական փորձերը, որոնք կշարունակվեն ընդհուպ մինչև օգոստոսի 5-ը:

Իշխան Զաքարյանը մասնակցել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրավիրած Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպման կառավարական հանձնաժողովի խորհրդակցությանը:  Քննարկվել են նախապատրաստական և կազմակերպչական հարցեր:

Խաղերի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը նշել է, որ բացման հանդիսավոր արարողությունը բաղկացած է լինելու 5 մասից, ներառվելու են հայոց պատմության դրվագներ, Արցախի հերոսամարտը ներկայացվելու է առանձին մասով: Անդրադարձ է լինելու Արևմտյան Հայաստանին, ավելին, խաղերի բացումն ուղիղ հեռարձակմամբ  ցուցադրվելու է Ղարսի, Վանի, Դիարբեքիրի հեռուստաընկերություններում:

Նախանշված են նաև մասնակիցների զբոսաշրջային ուղղությունները, ամենուր կլինեն փրկարարական խմբեր: Ընթանում են հյուրանոցային պայմանների ստուգումներ, վերահսկվում են սննդի կետերը: Բոլոր բուժհիմնարկներն աշխատելու են ուժեղացված ռեժիմով, շուրջօրյա հերթապահելու են շտապօգնության մեքենաները: Առաջնահերթ է նաև համացանցի արագ աշխատանքի ապահովումը, որպեսզի միաժամանակ 3000 հոգի կարողանա օգտվել, և դրանից կապը չթուլանա: Խաղերի գլխավոր ջահի վառման համար մոնտաժվում են գազի խողովակները:

Խաղերին մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 5000 մարդ, և նրանց տեղավորման խնդիրն օրակարգի գլխավոր հարցերից է: Արցախում այդ նպատակով վերանորոգվում, պատշաճ տեսքի են բերվում նաև հանգստյան տներն ու ճամբարները:

Խորհրդակցությունից հետո Իշխան Զաքարյանը Բակո Սահակյանի հետ գնացել է «Կարկառ» հանգստյան տուն՝ հետևելու այնտեղ կատարվող աշխատանքներին: Նա նշել է, որ վերջին այցից հետո փոփխությունն ակնհայտ է:

«Տարբերությունը զգալի է, հետաքրքիր վայր կդառնա «Կարկառը» հանգստացողների համար, բայց հիմա մենք այստեղ կտեղավորենք կամավորներին»,- ասել է Զաքարյանը:

Բակո Սահակյանն էլ հանձնարարականներ է տվել կազմակերպիչներին՝ շեշտելով, որ բոլոր հյուրերին Արցախն ըստ արժանվույն պետք է ընդունի:[:]