[:en]Համահայկականը միասնություն է՝ սպորտի միջոցով․ Հալաջյան[:]

[:en]Եգիպտացի Պերճ Հալաջյանը 20 տարի է՝ Համահայկական խաղերի համաշխարհային գործադիր կոմիտեի անդամ է, մասնագիտությամբ՝ մեխանիկ- ինժեներ, որը թեթև ատլետիկայի չեմպիոն է եղել Եգիպտոսում։ Նա նաև ներկայացնում է Կահիրեի ազգային թեմական ժողովը։ Հալաջյանը հայրենիքում է Համահայկական 7-րդ խաղերի անցկացման հետ կապված աշխատանքների բերումով։ Մեր հայրենակցին հանդիպեցինք Արցախում՝ Ստեփանակերտում ընթացող կոմիտեի նիստի ժամանակ։

-Ո՞րն է Համահայկական խաղերի նշանակությունը, ի՞նչ ազդեցություն է ունենում այն Սփյուռքի մեր հայրենակիցների վրա։

Համահայկական խաղերը միմիայն միասնություն են՝ սպորտի միջոցով։ Մեր կոմիտեն կազմված է աշխարհի հայահոծ համայնքներից եկած մարդկանցից, որոնք գործունեության տարբեր ոլորտներ ունեն, սակայն Համահայկականում բոլորս մեկ ենք։ Միասնություն՝ սպորտի միջոցով․ սա՛ է մեր կարգախոսը։

-Ինչպե՞ս ծնվեց Համահայկականի գաղափարը։

Սփյուռքի տարբեր կազմակերպություններ միմյանցից անջատ պարբերաբար սպորտային խաղեր էին կազմակերպում Նավասարդի և այլ տոներին։ Տարբեր երկրների մարզիկները իրար չէին ճանաչում։ Որոշեցինք համախմբել բոլորին և անցկացնել համահայկական խաղեր մեր պատմական հայրենիքում։ Սկսվեց երկար ու դժվարին աշխատանք, որն արդեն 20 տարի իրականացնում ենք։

– Այս տարի ինչո՞վ են առանձնանալու Համահայկական խաղերը։

Այս տարվա առանձնահատկությունն այն է, որ արձանագրում ենք 20 տարվա հաջողություն սպորտով՝ ՀՀ-Արցախ-Սփյուռք միասնության մեջ։ Առաջին անգամ խաղերի հանդիսավոր բացումը կայանալու է Ստեփանակերտում, և մի քանի խաղ անցկացվելու է Արցախում։ Քննարկելու ենք նաև ձմեռային երկրորդ խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը։

-Ի՞նչն եք ամենաշատը կարևորում այդ ամենում։

Շարունակ ասում եմ՝ կարևորում եմ միասնականությունը ներքին և արտաքին կյանքում։ Պետք է չտարանջատենք Սփյուռքը հայրենիքից։ Այն մեր ազգի կարևոր մասնիկն է, որը, չնայած բազում դժվարություններին, ամեն գնով պահպանում է հայկական ոգին։

Համահայկական ամառային 7-րդ խաղերը տեղի կունենան օգոստոսի 5-17-ը՝ Հայաստանում և Արցախում: Այս տարի կնշվի խաղերի 20-ամյակը: Բացումը և մրցման 3 օրերը կանցկացվեն Ստեփանակերտում, իսկ հաջորդ օրերը՝ օգոստոսի 9-17-ը՝ Երևանում: Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին՝ Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, իսկ փակումը՝ օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում: Մասնակիցներին և հյուրերին այդ ամբողջ ընթացքում սպասվում են ուշագրավ խաղեր, հետաքրքիր միջոցառումներ և բազում հաճելի անակնկալներ. համահայկական համախմբում՝ համահայկական խաղերի միջոցով:

Աղբյուրը՝ vnews.am

 

 [:]