[:en]Համահայկական խաղերը կվերածվեն սպորտային մեծ տոնի[:]

[:en]Համահայկական խաղերը եւս մեկ խթան են՝ ուղղված Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդմանը: Այդ մասին Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ իր ելույթում նշել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:

«Այսօր հիշարժան օր է Արցախի կյանքում. Համահայկական ամառային խաղերն առաջին անգամ անց են կացվում մեր հանրապետությունում: Ստեփանակերտում են գտնվում մայր Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից բազմաթիվ մարզիկներ ու մարզիչներ, երկրպագուներ ու պարզապես մարդիկ, ովքեր սիրում են սպորտը: Այստեղ չկան հյուրեր, այստեղ բոլորն իրենց տանն են, իրենց պապենական օջախում: Բարի գալուստ Արցախ աշխարհ:

Հայ ժողովուրդը սպորտի հանդեպ ունի ընդգծված վերաբերմունք: Դեռեւս վաղնջական ժամանակներում Հայաստանում կազմակերպվում էին համաժողովրդական խաղեր, իսկ հայ մարզիկները մասնակցում էին տարբեր սպորտային մրցաշարերի, այդ թվում նաեւ անտիկ ժամանակաշրջանի Օլիմպիական խաղերին, ինչի մասին վկայում են պահպանված արձանագրությունները:

Համահայկական խաղերն իրենց բնույթով կարելի է համարել մեր սպորտային անցյալը, ներկան ու ապագան իրար կապող կարեւոր մի օղակ:

Համահայկական 7-րդ ամառային խաղերն Արցախում անցկացնելու որոշումը կայացվել է 2016 թվականին, Ապրիլյան պատերազմից հետո, ինչն ինքնին խորհրդանշական է: Սա յուրովի մի պատասխան է ագրեսիային եւ բռնությանը: Սպորտը, մարմնավորելով ուժ, կամք, կազմակերպվածություն ու միասնականություն, միաժամանակ հանդիսանում է ատելության ու թշնամանքի հակապատկերը: Այն չի ճանաչում սահմաններ եւ խոչընդոտներ, միավորում է տարբեր ազգերի ու երկրների:

Մեր պարագայում դա եւս մեկ խթան է՝ ուղղված Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդմանը:

Ճակատագրի բերումով աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր քույրերն ու եղբայրներն այս միջոցառման շրջանակներում  հնարավորություն են ստանում մոտիկից ճանաչելու իրենց հայրենիքը, շփվելու իրար հետ, հաստատելու նոր ու ջերմ կապեր, դրական լիցքեր ստանալու հայրենի հողից՝ դառնալով ավելի համախմբված, ուժեղ ու անպարտելի:

Հենց դրանում է մեր ժողովրդի ուժը, հենց դրանում է մեր միասնականության զորությունը, դրանում է մեր հաղթանակների իմաստը: Այդպես եղել է, այդպես կլինի այսուհետ։

Խաղերի պատշաճ անցկացման ուղղությամբ կատարվել է մեծ ու ծավալուն աշխատանք, եւ ես ուզում եմ երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել այս ամենը կյանքի կոչելու համար:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեկ անգամ եւս ողջունում եմ Համահայկական 7-րդ ամառային խաղերի բոլոր մասնակիցներին եւ մաղթում մեծագույն հաջողություններ:

Վստահ եմ, որ այս օրերը կվերածվեն սպորտային մեծ տոնի՝ հետաքրքիր պահեր պարգեւելով մեզ եւ անմոռանալի հետք թողնելով բոլորիս սրտերում: Անկախ արդյունքներից՝ այս խաղերում չեն լինելու պարտվողներ: Հաղթելու է մեր ողջ ժողովուրդը, հաղթելու են մեր միասնականությունը, մեր կամքն ու վճռականությունը: Կեցցե՜ մեր ժողովուրդը: Կեցցե՜ն մայր Հայաստանը, Արցախը եւ  աշխարհասփյուռ հայությունը»,- նշել է Բակո Սահակյանը:[:]