Համահայկական խաղերը նպաստում են հայրենադարձությանը

Համահայկական ամառային 7-րդ խաղերին մասնակցում են տարբեր մարզաձևեր ներկայացնող թիմեր: Գևորգ Չոբանյանը՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքից, հանդես է գալիս  վոլեյբոլ մարզաձևում:

‹‹Արդեն երկրորդ անգամ եմ մասնակցում համահայկական խաղերին: Շատ տպավորիչ էր  բացման արարողությունը, իմ կարծիքով՝ այս տարի կազմակերպումը ավելի բարձր մակարդակի վրա էր››,- ասաց Գևորգ Չոբանյանը:

Ըստ Գևորգի՝ համահայկական խաղերն, առաջին հերթին, նպաստում են հայրենադարձությանը, բարձրացնում մարզիկների հայրենասիրական ոգին և Հայաստանում ու երկրից դուրս ապրող հայերին հնարավորություն տալիս ավելի լավ ճանաչել միմյանց:

Համահայկական ամառային 7- րդ խաղերը տեղի են ունենալու օգոստոսի 5-17-ը՝ Հայաստանում և Արցախում։ Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերն անցկացվել են Ստեփանակերտում, իսկ մրցումային հաջորդ օրերը՝ Երևանում: Խաղերին մասնակցում են պատվիրակություններ 35 երկրից և 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ, մարզական պատվիրակների թիվը հասնում է մոտ 5300-ի։ Ամենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից է, որը ներառում է 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում է 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը և Չեխիան: Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում։ Խաղերի նշանաբան է՝ «Միասնություն՝ սպորտով»: