[:en]Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի աշխատանքային խորհրդակցությունն Արցախում[:]

[:en]

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Համահայկական խաղերի կազմակերպման Արցախի գրասենյակի աշխատակիցների հետ: Օրակարգում կազմակերպչական հարցերն էին, նախապատրաստական աշխատանքների ընթացքում ծագող խնդիրները:
Արցախի ներկայացուցիչներն Իշխան Զաքարյանի հետ քննարկեցին խաղերի մասնակիցներին և նրանց հետ ժամանող հյուրերին տեղավորելու հարցը: Նշվեց, որ զբաղված կլինեն ոչ միայն Ստեփանակերտի հյուրանոցները, հյուրատներն ու առանձին բնակարաններ, այլև Շուշիի, մայրաքաղաքին մոտ այլ բնակավայրերի կացարանները: «Ամեն ինչ պետք է լինի շատ կազմակերված: Անհրաժեշտ է հաշվի առնել յուրաքանչյուր մանրուք, սանհանգույցից սկսած մինչև ազատ ժամանցի անցկացման, անվտանգության հարցերն անթերի ենք կարգավորելու»,- նշեց Իշխան Զաքարյանը:
Համահայկական խաղերի համաշխարհարհային կոմիտեի՝ Արցախում գտնվող կենտրոնական մասնաճյուղի ղեկավար Վարդան Բալայանն ասաց, որ աշխատանքներն այնպես են կազմակերպվում, որպեսզի Ստեփանակերտի բնականոն կյանքը չխաթարվի, Արցախ այցելող բազմաթիվ զբոսաշրջիկների համար էլ հետաքրքիր լինի:«Մասնակիցների համար որպես կացարան ենք ընտրել նաև ճամբարները, նույնիսկ հոգացել ենք, որպեսզի բնության սիրահարները, ցանկության դեպքում, հնարավորություն ունենան գետի ափին քնապարկերում գիշերել: Ուտելիքն առատ կլինի, անհրաժեշտ պայմանները՝ ապահովված»,- ասաց Բալայանը: Այնուհետև խորհրդակցության մասնակիցներն անցան օգոստոսի 6- ին Համահայկական խաղերի բացմանն առնչվող խնդիրներին:
Խաղերի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը ներկայացրեց միջոցառումների նախապատրաստական ընթացքը՝ նշելով, որ հուլիսի 5- ից Ստեփանակերտի գլխավոր մարզադաշտում սկսելու են կառուցել բեմը և անցկացնել փորձեր:«Խնդիրներ չունենք, ահռելի աշխատանք է, որն ընթանում է իր հունով: Մոտ 2000 մարդ է մասնակցելու բացման միջոցառմանը: Որպեսզի բեմից հեռու գտվողները կարողանան տեսնել այնտեղ կատարվող ամեն ինչ, անհրաժեշտ կլինի մի քանի մեծ էկրան տեղադրել հեռվում»,- ասաց Հովհաննիսյանը: Իշխան Զաքարայնը նշեց, որ կարգավորված կլինեն այդ, ինչպես նաև լազերային շոուի և հրավառության հետ կապված հարցերը:Խորհրդակցության վերջում անդրադարձ եղավ նաև հունիսի 22- ի երեկոյան Տիգրանակերտում կայանալիք ջահի վառման արարողությանը:
Համահայկական խաղերի Սփյուռքի ջահը վառվել է Արևմտյան Հայաստանում, Հայաստանի Հանրապետությանը՝ Խոր Վիրապում: Երրորդ ջահը՝ Արցախինը, կվառվի վաղը՝ Տիգրանակերտում, իսկ օգոստոսի 6- ին Հայաստանի Հանրապետություն- Արցախ- Սփյուռք միասնությունը կխորհրդահշվի երեք ջահերի մեկտեղմամբ:

[:]