ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանի ելույթը՝ Համահայկական 7-րդ խաղերի բացման արարողության ժամանակ

06 օգոստոս, 2019, Ստեփանակերտ, ԱՀ

Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ Նիկոլ Փաշինյան,
Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ Բակո Սահակյան,
Սիրելի՛ հյուրեր,
Ուղիղ 20 տարի առաջ մեկնարկեցին Համահայկական խաղերը: Լինենք անկեղծ՝ որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ Համահայկական խաղերը անցկացնելու գաղափարը տարեց տարի ամրանալու և ցեմենտելու էին Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հիմքերը: Երևի քչերն էին հավատում , որ այս գաղափարը մեր ժողովրդի համար դառնալու էր հիշեցում ու պատգամ, որպեսզի բոլորս ձևավորենք համահայկական մտածողություն և այն դարձնենք մեր գործելակերպի առանցքը: Որ հենց այդ առանցքի շուրջ պիտի կենդանանար ու հովանար բոլորիս կարոտակեզ սիրտը, երբ համահայկական վերջին երկու խաղերի ջահը վառեցինք Վանա լճի Ախթամար կղզում և Մուսա լեռան գագաթին՝ կամարելով մեր ժողովրդի դարավոր իղձերը և վառելով հույսի կանթեղները:
Այո՛, Համահայկական խաղերի գաղափարը շատ խորն է, տարողունակ ու վարակիչ:
Այո՛, Համահայկական խաղերի գաղափարը ստանում է հետաքրքիր դրսևորումներ, իսկ «Միասնություն սպորտով» կարգախոսը դառնում է աշխարհասփյուռ մեր հայրենակիցների տունդարձի նշանաբանը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հետադարձ հայացք գցելով համահայկական խաղերի անցած 20-ամյա ուղուն, ուզում եմ հարգանքի տուրք մատուցենք համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի առաջին նախագահ Աշոտ Մելիք-Շահնազարյանին, կոմիտեի հիմնադիր անդամներից Հրանտ Բարդակչյանին:
Ուզում եմ մեծարենք ու ծափահարենք Ալբերտ Բոյաջյանին, Ստեփան Տեր-Պետրոսյանին, Հակոբ Քրմզյանին, Ռոլանդ Շառոյանին, Պերճ Հալաջյանին, Վարդ Ալեքսանյանին, Ալֆրեդ Հավանին, Հերմինե Դուզյանին, Պոլ Քիշյանին, Սեպուհ Բաղդոյանին, Միսաք Նաջարյանին, Վրեժ Շառոյանին, Ավետիս Թոքաթլյանին, Հարություն Թամրազյանին, Եփրեմ Բաղին, Սամ Նաճարյանին և մեր մյուս ընկերներին, քաղաքային կոմիտեների մեր նախագահներին, կազմակերպիչներին, պատվիրակությունների ղեկավարներին, մարդկանց , ում ջանքերի շնորհիվ 20 տարի ի վեր հզորացավ Համահայկական խաղերի գաղափարը ու դարձավ Հայաստան-Արցախ – Սփյուռք եռամիասնության ամենակայացած ծրագիրը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Չլիներ խնդրի լիարժեք ըմբռնում և լիարժեք աջակցություն , ուղղակի հնարավոր չէր լինի կազմակերպել համահայկական 7-րդ խաղերը Ստեփանակերտում և Երևանում: Ուզում եմ հատուկ շեշտել, որ Արցախում խաղերը անցկացնելու գաղափարը ստացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակցությունը, ում հանձնարարությամբ ստեղծվեց կառավարական կազմկոմիտե՝ փախվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, ում հետ աշխատել ենք լիակատար փոխըմբռնման մթնոլորտում:
Այս գաղափարը ստացավ Արցախի իշխանությունների անվերապահ աջակցությունը. նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ստեղծվեց կազմկոմիտե՝ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ուզում եմ հատուկ առանձնացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի աջակցությունը, ով բառիս բուն իմաստով 24-ժամյա աշխատանքային ռեժիմով օգնում է խաղերի կազմակերպմանը:
Այո՛, համահայկական խաղերը դարձել են բոլորինս, առանց խտրականության, առանց որևէ կուսակցական ուղղվածության: Այս առումով խորին հարգանք 7-րդ խաղերի բացման և փակման արարողությունների գլխավոր հովանավոր «Տաշիր» գրուպ ընկերության նախագահ Սամվել Կարապետյանին: Մուսա լեռում, Խոր Վիրապում և Տիգրանակերտում եռամիասնության ջահերի սքանչելի միջոցառումների հովանավոր, շվեյցարահայ բարերար Վարդան Սրմաքեշին , գործարար Սամվել Ալեքսանյանին, «Ապավեն» ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանին և այլոց, ովքեր անում են ամեն ինչ՝ վերջնական և ընդհանուր հաջողության համար: Այս ամբողջի ընթացքում մենք ունենք շատ լավ վիճակագրություն՝ 35 պետություն, 161 քաղաք, պատվիրակությունների 5244 մասնակից, Համահայկական խաղերի պատմության մեջ 3 նոր պետություն և մասնակիցների հետ Հայրենիք ժամանած շուրջ 4000 երկրպագու:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ժամանակակից աշխարհում մարզական և մշակութային միջոցառումները հզոր գործիքներ են այլ մեծ խնդիրներ բարձրացնելու և լուծելու համար:
Համահայկական 7-րդ խաղերի ջահի վառման շրջանակներում մենք իրականացրեցինք պատմական առաջին թռիչքը Երևանից Վան: Մենք ունեցանք բավականին հետաքրքիր հանդիպումներ տեղի իշխանությունների ներկայացուցիչների հետ, ունեցանք անկեղծ քննարկումներ, որոնց արդյունքում սեղանին դրվեցին կարևոր ու հետաքրքիր գաղափարներ: Անշուշտ չափազանց հետաքրքիր գաղափար է համահայկական ամառային 8-րդ խաղերը անցկացնել Վան-Երևան , Գյումրի-Կարս ձևաչափով, որի ուղղությամբ աշխատում ենք:
Եվ այսօր առանձնահատուկ ուզում եմ նշել, որ իրենց հայ գործընկերների հետ Ստեփանակերտի մարզադաշտում, բացման այս արարողությունը լուսաբանում են Տիգրանակերտի և Վանի հեռուստաընկերության ներկայացուցիչները՝ ապահովվելով ուղիղ հեռարձակում իրենց բազմամիլիոնանոց լսարանի համար: Ավարտելով խոսքս՝ ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց , ում ջանքերով հնարավոր դարձավ 7-րդ խաղերի կազմակերպումը Ստեփանակերտում: Արցախը մեր Ավարա՛յրն է, մեր Սարդարապա՛տն է, Արցախը համայն հայության մերա՛նն է:
Շնորհակալություն բոլորին, ովքեր ժամանել են Արցախ:
Ինչ-ինչ դժվարությունների համար հայցում եմ բոլորիդ ներողամտությունը:
Հայրենիքը լավը կամ վատը չի՛ լինում: Հայրենիքը լինում է միա՛կը: Հայրենիքը կոչերով կամ հեքիաթներով չե՛ն սիրում: Հայրենիքը սիրում են գործնական սիրով:
Եվ ուրեմն, բարի՛ գալուստ մեր մեծ հայրենիքի ամենաչքնաղ անկյուններից մեկը՝ Արցա՛խ:
Եվ Աստված պահապա՛ն բոլորիս: