[:en]ՀՀ  ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ[:]

[:en]

ՀՀ  ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ  ԺԱՄԱՆԱԿ

Ողջունում եմ երրորդ Համահայկական խաղերի մասնակիցներին և հյուրերին:

Հայրենիքում Համահայկական մարզական խաղեր կազմակերպելու գաղափարը և դրա իրականացումը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և զարգացման ամենավառ և հաջողված դրսևորումներից է:

Պետականությունը վերականգնած հայության համար Հայաստանն աստիճանաբար դառնում է այն առանցքը, որի շուրջ ի մի են բերվում մեր ժողովրդի բոլոր հատվածների ջանքերը: Սպորտի, մշակույթի, առողջապահության, տնտեսության, գիտության և, ընդհանրապես, մեր ժողովրդի կենսագործունեության բոլոր ոլորտներն ընդգրկված են այս գործընթացում: Սա Հայաստանի վերելքի և Սփյուռքի գոյատևման միակ արդյունավետ ուղին է: Մենք պետք է շարունակենք նույն ոգով, բայց ավելի մեծ եռանդով: Համահայկական խաղերն, ինչպես համահայկական ընդգրկում ունեցող բոլոր միջոցառումները, մեզ համար տոնական և ոգևորիչ իրադարձություններ են:

Հայրենիքի միավորող ուժը, սպորտի առողջ մրցակցային ոգին, օր օրի գեղեցկացող մեր երկիրն ու մայրաքաղաքը, հուսով եմ, անմոռանալի զգացողություններ և վառ տպավորություններ կպարգևեն հայրենաբնակ և սփյուռքահայ երիտասարդներին:

Համահայկական խաղերի մասնակիցներին մաղթում եմ անհաշտ պայքար մրցասպարեզներում և հաղթանակի բերկրանք:

[:]