[:en]Համահայկական խաղեր 2019. հանդիպումներ Արցախում[:]

[:en]Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն իր աշխատավայրում ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ներկայացուցիչներին՝ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են այս տարի Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպմանն առնչվող հարցեր:

Բակո Սահակյանը նշել է, որ այս խաղերը տարբերվելու են մյուսներից՝ լինելով լավագույնը, խորհրդանշելով ՀՀ-Արցախ-Սփյուռք հզոր եռամիասնությունը:

«Այս ամենի առաջին հասցեատերը հայ ժողովուրդն է: Առաջին անգամ Արցախում Համահայկական խաղեր անցկացնելով՝ մենք նախ խոնարհվում ենք հայրենիքի պաշտպանների առջև և շնորհալալություն հայտնում նրանց, հաստատում մեր պայքարի անշրջելիությունը: Հետևաբար, ամեն ինչ պետք է լինի շատ բարձր մակարդակի վրա, և ոչ մի մանրուք չի անտեսվելու»,- ասաց Արցախի նախագայը:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը Բակո Սահակյանին ներկայացրեց ակնկալվող օժանդակությունը՝ մասնակիցների այցի և խաղերի կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու համար: Նա շեշտեց, որ մեծ թվով պատվիրակություններ են գալու Արցախ, ակնկալվում է 10-12 հազար մասնակցի և հյուրի ներկայություն:

«Արդեն իսկ հյուրանոցների և հյուրատների մեծ մասը պատվիրված է, ներառելու ենք նաև անհատների, որոնք խաղերի օրերին կհյուրընկալեն մասնակիցներին: Ակնկալում ենք, որ մինչ այդ ամբողջությամբ  բարեկարգված կլինի Վարդենիս-Ստեփանակերտ ճանապարհը, քանի որ Երևանից Արցախ ենք ուղևորվելու Սևանի մայրուղով: Այդ ընթացքում անհրաժեշտ կլինի շտապօգնության մեքենաների ուղեկցում՝ բացառելու այցելուների առողջության հետ կապված խնդիրները: Կարևոր է նաև խստորեն հետևել ճանապարհին վաճառվող սննդի որակին, որպեսզի խուսափենք սննդային տարատեսակ թունավորումներից: Բացի այդ, հարկավոր է ուղիղ գծով կապ պահպանել Արցախի ԱԳՆ-ի հետ, քանի որ աշխարհի տարբեր ծայրերից  բազմաթիվ սենատորներ են հյուրընկալվելու»,- ասաց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը:

Արցախի նախագահն Իշխան Զաքարյանին վստահեցրեց, որ նրա նշած բորոր հարցերն, առանց բացառության, կարգավորված կլինեն:

Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն, իր հերթին, Բակո Սահակյանին ներկայացրեց, որ Ստեփանակերտը տոնական տեսքի է բերվելու, Համահայկական խաղերի համար ստեղծված հատուկ հանձնաժողովը համակարգելու է ամբողջ աշխատանքը՝ ապահովելով միջոցառումների պատշաճ անցկացումը:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխնախագահ Ալբերտ Բոյաջյանն ասաց, որ դեռևս 20 տարի առաջ են երազել, որ խաղերն անցկացվեն Արցախում և երջանիկ է, որ պատմական այդ իրադարձության ականատեսն է:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մեկ այլ փոխնախագահ՝ Ստեփան Տեր-Պետրոսյանը, վստահեցրեց, որ խաղերի բացման և անցկացման էմոցիոնալ մասը նույնպես բացառիկ է լինելու՝ յուրօրինակ հեղափոխություն միասնականության նոր, ավելի բարձր մակարդակում:

Համահայկական խաղերն առաջին անգամ ընթանալու են օլիմպիական խարտիայի չափանիշներով: Բակո Սահակյանը, որպես նախագահ, երաշխավորեց բոլորի անվտանգությունը: Նա նշեց, որ Արցախն աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է, իսկ Համահայկական խաղերն աշխարհասփյուռ հայերին տուն բերելու միջոց են:[:]