Գրքերում կարդալն այլ բան է, իրական պատկերն՝ այլ. Համահայկականի մասնակիցներն Իշխան Զաքարյանի հետ այցելեցին Ծիծեռնակաբերդ

Համահայկական ամառային 7-րդ խաղերի մասնակից բոլոր թիմերն իրենց ազատ օրը սկսում են Ծիծեռնակաբերդ այցելությամբ:

«Համահայկական խաղերին մասնակցում են եղեռնազարկ ժողովրդի զավակները: Նրանց համար չափազանց կարևոր է լինել Ծիծեռնակաբերդում, այցելել  Հայոց ցեղասպանության թանգարան: Գրքերում կարդալն այլ բան է, թանգարան գալը, իրական պատկերներ տեսնելն՝ այլ:

Այս հուշահամալիրը պիտի բոլոր սերունդներին հզորություն, ոգու ամրություն տա, որպեսզի ապագայում նրանք կարողանանան իրականացնել այն երազանքները, որոնք ունեցել են մեր նախնիները»,- ասաց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:

Ծիծեռնակաբերդ այցելությունը Համահայկական խաղերի մասնակիցների համար ավանդույթ է դարձել և շարունակական է լինելու:

Համահայկական ամառային 7- րդ խաղերը տեղի են ունենալու օգոստոսի 5-17-ը՝ Հայաստանում և Արցախում։ Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերն անցկացվել են Ստեփանակերտում, իսկ մրցումային հաջորդ օրերը՝ Երևանում: Խաղերին մասնակցում են պատվիրակություններ 35 երկրից և 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ, մարզական պատվիրակների թիվը հասնում է մոտ 5300-ի։ Ամենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից է, որը ներառում է 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում է 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը և Չեխիան: Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում։ Խաղերի նշանաբան է՝ «Միասնություն՝ սպորտով»: