«Եկել ենք ոսկե մեդալ նվաճելու». Համահայկականի մասնակից

2007 թվականից սկսած Տագանրոգ քաղաքը ներկայացնող ‹‹Կոբաթ›› ֆուտբոլային ակումբը մասնակցում է Համահայկական խաղերին: Նախորդ տարիներին ակումբը երկու անգամ արծաթե մեդալակիր է դարձել, սակայն ըստ թիմի նախագահ Կարեն Մկրտչյանի՝ այս տարի ակումբը եկել է ոսկե մեդալ նվաճելու:

‹‹Համահայկական ամառային 7-րդ խաղերը սկսել ենք հաղթանակով: Մեր թիմի յուրաքանչյուր մարզիկի համար շատ կարևոր է սա, քանզի գալով մեր երկիրը՝ Հայաստան, ավելի շատ ենք շփվում հայերի հետ, ձեռք ենք բերում նոր ընկերներ, բացի այդ, մեծանում է նաև մարզիկների փորձը››,- ասաց ակումբի նախագահ Կարեն Մկրտչյանը:

Նրա կարծիքով՝ լավ էին կազամակերպված խաղերը, հատկապես, շատ տպավորիչ էր բացման արարողությունը:

Համահայկական ամառային 7- րդ խաղերը տեղի են ունենալու օգոստոսի 5-17-ը՝ Հայաստանում և Արցախում։ Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերն անցկացվել են Ստեփանակերտում, իսկ մրցումային հաջորդ օրերը՝ Երևանում: Խաղերին մասնակցում են պատվիրակություններ 35 երկրից և 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ, մարզական պատվիրակների թիվը հասնում է մոտ 5300-ի։ Ամենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից է, որը ներառում է 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում է 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը և Չեխիան: Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում։ Խաղերի նշանաբան է՝ «Միասնություն՝ սպորտով»: