Ամենահաջողված ծրագրերից է Համահայկականը, իշխանության հետ էլ օրինակելի գործակցություն է. Հենրիկ Խալոյան

Համահայկական 7- րդ ամառային խաղերին, չնայած չներկայանալու մասին որոշ կանխատեսումների, բավականին ընդգրկուն կազմով՝ 220 հոգի, մասնակցում է Իրանի պատվիրակությունը:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Հենրիկ Խալոյանը հավաստիացնում է, որ խաղերի 20- ամյա պատմության մեջ գրեթե միշտ Իրանն ամենաշատ մասնակիցներն է ունեցել՝ լինելով Համահայկականի հիմնադիրներից:

Ըստ կոմիտեում Իրանի ներկայացուցչի՝ դժվարությունները պայմանավորված են լինում միայն այդ երկրի տնտեսական վիճակով, բայց օգնության են հասնում իրանահայ հովանավորները, և ազգային կազմակերպությունների հետ միասին հաջողվում է ամեն ինչ անցկացնել հավուր պատշաճի:

Որպես Հայաստանի հարևան երկիր, ուր մեծ գաղութ կա, Իրանն առանձնահատուկ ոդևորությոմբ է մասնակցում Համահայկական խաղերին, նշում է Հենրիկ Խալոյանը: Նա ընդգծում է, որ հատկապես խանդավառող էր այս տարվա բացումը, որն առաջին անգամ կայացավ Արցախում: Նույն կարծիքն ունեն բոլոր երկրների մասնակիցները:

Սպորտը երիտասարդներին կրթելու մաքրամաքուր ձև է, և այդ կերպ Համահայկական խաղերը միավորում են հայությանը, երիտասարդների մեջ միասնականություն ձևավորում: Նման համոզմունք ունի Հենրիկ Խալոյանը, որի պնդմամբ՝ Հայաստանի անկախանալուց ի վեր տարբեր ծրագրեր են իրականացվել, սակայն ժամանակն ապացուցել է, որ Համահայկական խաղերը լավագույնն են հայապահպանության գործում:

Նա նաև շատ բարձր է գնահատում ՀՀ նոր իշխանությունների հետ ստեղծված հարաբերությունները՝ որպես օրինակելի գործակցություն:

Հենրիկ Խալոյանը շնորհակալություն է հայտում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին, անդամներին, բարերարներին, մասնակիցներին, Հայաստանի կառավարությանը և մյուս բոլոր աջակիցներին:

 

 

Համահայկական ամառային 7- րդ խաղերը տեղի են ունենալու օգոստոսի 5-17- ը՝ Հայաստանում և Արցախում։ Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերն անցկացվել են Ստեփանակերտում, իսկ հաջորդ օրերը՝ Երևանում: Խաղերին մասնակցում են պատվիրակություններ 35 երկրից և 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ, մարզական պատվիրակների թիվը հասնում է մոտ 5300-ի։ Ամենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից է, որը ներառում է 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում է 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը և Չեխիան: Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում։ Խաղերի նշանաբան է՝ «Միասնություն՝ սպորտով»: