Աշխատանքային խորհրդակցություն Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզպետների մասնակցությամբ

Մայիսի 27-ին   Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն անցկացրեց  աշխատանքային խորհրդակցություն Արարատի, Արմավիրի և Կոտայքի  մարզպետների և այդ   մարզերի՝ համահայկական խաղերին մասնակցող  քաղաքների ղեկավարների մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված հարցեր:

 Ի. Զաքարյանը տեղեկացրեց, որ համահայկական 6-րդ ամառային խաղերը  կանցկացվեն օգոստոսի 2-ից 13-ը: Կոմիտեի նախագահը նշեց, որ այս տարի համահայկական խաղերը կլինեն աննախադեպ, թե՛ մասնակիցների քանակով, թե՛ քաղաքների  աշխարհագրությամբ:  Խաղերը կանցկացվեն ՀՀ մայրաքաղաք Երևանում, ԼՂՀ մայրաքաղաք  Ստեփանակերտում, Աբովյանում, Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում:

Քանի որ  Արտաշատը և  Աբովյանը այս տարի  նաև հյուրընկալող  քաղաքներ են, ապա  Իշխան Զաքարյանը  հանձնարարեց,  մինչև խաղերի մեկնարկը  կարգի  բերել քաղաքների  մարզադահլիճները և  ապահովվել  քաղաքների  տոնական տեսքը:

Անդրադառնալով  համահայկական  խաղերի ջահի վառման արարողությանը, կոմիտեի նախագահը ասաց,  որ  այն լինելու  է   հատուկ տոնակատարություն:  Ջահի դիմավորման   արարողություն կլինի Սարդարապատում:  Համահայկական խաղերի   ջահը անցնելով Հայաստանի մարզերով  և  հայաշատ  քաղաքներով՝   հայրապետական օրհնանքը կստանա  Ս. Էջմիածնում  և օգոստոսի 2 –ին  կմտնի  համայն հայության մայրաքաղաք՝ Երևան :