[:en]ՀԽՀԿ ՆԱԽԱԳԱՀ  ԱՇՈՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ[:]

[:en]Հարգելի հայրենակիցներ, Համահայկական  առաջին խաղերի հյուրեր, մասնակիցներ

Հայ երիտասարդության մարզական այս համաժողովը, շնորհիվ ՀՀ կառավարության ակտիվ աջակցության, իրականություն դարձավ: Հայ երիտասարդության առաջին մարզական խաղերը, որոնց կազմակերպման գործը ահա 2 տարի իրականացնում էր Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն, վերջապես իրականություն դարձան:

Հայ ժողովրդի պատմության մեջ առաջին մարզական խաղերը թույլ տվեցին մեծ թվով Սփյուռքի երիտասարդ հայերի այցելել պատմական հայրենիք, ծանոթանալ Հայաստանի, նրա բնակիչների, տեսարժան վայրերի և մշակույթի հետ:

Այսօր մենք վկաներն ենք այն բանի, թե ինչպես Հիսուսի ծննդից երկու հազարամյակ հետո վերածնվում են մոտ 2700 տարի առաջ առաջին անգամ կայացած Նավասարդյան խաղերի բարի ավանդույթները:

Համահայկական խաղերը սոսկ մարզական իրադարձություն չեն: Դրանք ավելին են, քան սպորտը: Համահայկական խաղերը դժբախտ ճակատագրի քմահաճույքով ամբողջ աշխարհով սփռված հայ ժողովրդի` դեպի միասնություն ձգտման արտահայտություններն են :

Հայաստան-Սփյուռք համաժողովի նախօրեին Համահայկական խաղերը դարձան առաջին որոշակի, իրական քայլը Հայաստանի և Սփյուռքի մերձեցման ճանապարհին:

Համահայկական առաջին խաղերը միասնության ամենաառաջավոր, ամենահստակ, ամենաամուր և հեռանկարային միջոցներից են, քանի որ նրա մասնակիցները երիտասարդներ են , իսկ ապագան նրանց է պատկանում:

Թույլ տվեք շնորհավորել Ձեզ մեր ժողովրդի կյանքում այս նշանակալից իրադարձության կապակցությամբ:

Կեցցե°ն  Համայկական առաջին խաղերը:[:]