ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՅՈԹԵՐՈՐԴ ԽԱՂԵՐԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ

Հունիսի 1-ին «Օլիմպավան»-ում տեղի է ունեցել «Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտե» հասարակական կազմակերպության Գործադիր կոմիտեի նիստ` ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ:

Նիստի ընթացքում ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանն առաջարկել է Համահայկական ամառային 7-րդ խաղերն անցկացնել Արցախում: Առաջարկը մեծ ոգևորությամբ է ընդունվել բոլոր ներկաների կողմից: «Սա պատմական որոշում կլինի` մեր գաղափարների իրագործման անկյունաքարը: Այս որոշումն իրապես կարտացոլի մեր նպատակը` «Հայաստան-Արցախ-Սփյուռք» եռամիասնությունը»,- նշել է պարոն Զաքարյանը:

Համահայկական ամառային 7-րդ խաղերն Արցախում անցկացնելու կարևորության և անհրաժեշտության մասին ելույթներ են ունեցել Գործկոմի փոխնախագահներ Ալբերտ Բոյաջյանը (Լոս Անջելես, ԱՄՆ), Ստեփան Դերբեդրոսյանը (Բեյրութ, Լիբանան), Ռոլանդ Շառոյանը (Երևան), Գործկոմի անդամներ Միսաք Նաճարեանը (Բեյրութ, Լիբանան), Պողոս Քիշեանը (Մոնրեալ, Կանադա), Սեպուհ Պաղտոյեանը (Վիեննա, Ավստրիա), Ֆրիջ Շարոյանը (Հալեպ, Սիրիա), Հարություն Թահմազյանը (Նիկոսիա, Կիպրոս), Էդվարդ Բաբախանյանը (Թեհրան, Իրան), Պերճ Հալաճեանը (Ալեքսանդրիա, Եգիպտոս), Ավետիս Թոքաթլյանը (Բուենոս Այրես, Արգենտինա), Հարություն Հարությունյանը (Երևան), ՀԽՀԿ պատվավոր անդամներ Ալֆրեդ Հավանը (Թեհրան, Իրան), Վանիկ Պետրոյանը (Թեհրան, Իրան), Հրաչ Դեր-Սարքիսսյանը (Մոնրեալ, Կանադա):

Գործադիր կոմիտեի անդամները քննարկել են նաև Արցախում անցկացվելիք խաղերի կազմակերպչական աշխատանքների հետ կապված խնդիրները, դրանց լուծման տարբերակները:

Համահայկական ամառային 7-րդ խաղերն Արցախում անցկացնելու հարցը դրվել է քվեարկության և անցել միաձայն:

Ամփոփելով հարցի քննարկումը պարոն Զաքարյանը շնորհակալություն է հայտնել բոլորին և նշել. «Կասկած անգամ չունեի, որ հարցն արժանանալու է Ձեր հավանությանը: Սա չափազանց պատվաբեր, համարձակ և պատմական որոշում է մեր ազգի համար: Դժվարություններ և խնդիրներ կլինեն, սակայն յուրաքանչյուր հարց ունի իր լուծումը»: