[:en]Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի նիստը՝ Արցախում[:]

[:en]

Մայիսի 28-ին Արցախում տեղի ունեցավ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի հերթական նիստը, որը վարեց նախագահ Իշխան Զաքարյանը: Նա խորհրդանշական համարեց, որ Ստեփանակերտում անցկացվող նիստը համընկել է պատմական օրվա՝ Առաջին Հանրապետության տոնի հետ:

«Համահայկական խաղերի միջոցով մենք առաջին հերթին հայապահպան գործ ենք անում, և Առաջին Հանրապետության տոնին այստեղ՝ Արցախում նիստի անցկացումը խորհրդանշում է մեր միասնականությունն ու կամքը, Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք ամուր կապը»,- ասաց  Իշխան Զաքարյանը:

Այնուհետև գործադիր կոմիտեի անդամներն անցան օրակարգային հարցերին: Շեշտադրվեց Համահայկական խաղերը շատ բարձր մակարդակով անցկացնելու անհրաժեշտությունը՝ բաց չթողնելով ոչ մի մանրուք:

Կոմիտեն որոշեց խաղերի համար հայտերի ներկայացման վերջնաժամկետ սահմանել հուլիսի 1-ը, որպեսզի հնարավոր լինի հստակեցնել մասնակիցների թիվը և պատշաճ նախապատրաստվել:

Օրակարգում էր նաև խաղերին մեծ աջակցություն ցուցաբերող, սփյուռքահայ երիտասարդներին նրանց պատմական հայրենիքի հետ առնչող, Հայաստան այցելելուն օգնող կազմակերպությունների հարցը:  Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն որոշեց, ի նշան երախտիքի, մեդալներով պարգևատրել մարդկանց, որոնց ներդրած ավանդը շատ կարևոր է:

Նիստի ժամանակ խոսվեց նաև կանոնադրական որոշ փոփոխություներ անելու մասին, որոնց անհրաժեշտությունն առաջացել է ժամանակի ընթացքում:

Համահայկական խաղերի բացումն ու սկիզբն առաջին անգամ  տեղի կունենան Արցախում: Մոտ 4000 մասնակից է ակնկալվում աննախադեպ այդ միջոցառմանը: Նախատեսվում է, որ մոտ 8000 էլ կկազմի հյուրերի թիվը:

Ավտոբուսները կսպասեն ժամանողներին օդանավակայանում, այնուհետև պատասխանատուները կուղեկցեն Արցախ, որտեղ նրանց կդիմավորեն համապատասխան հյուրանոցներում:

Կազմակերպիչները նշեցին, որ ՀՀ Ազգային ժողովը նույնպես ներառված է աշխատանքներում, և սպասվում է տարբեր երկրների պատգամավորական պատվիրակությունների  այց:

280 պաստառ Վարդենիսից սկսած կազդարարեն Համահայկական խաղերի սկիզբը:

«Խաղերի բացման օրը լավագույն շքերթն է լինելու Ստեփանակերտում: Սա նաև հոգեբանական ազդակ է առ այն, որ Արցախը խաղաղ, ծաղկուն երկիր է, կայացող պետություն: Արցախի անկախության ճանաչման յուրօրինակ դրսևորում»,- ասաց  Իշխան Զաքարյանը:

Գործադիր կոմիտեն քննարկեց բազմաթիվ այլ հարցեր և ամփոփեց նիստը՝ կազմակերպչական հանձնարարականներն ի մի բերելով:

[:]