Կայացել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի (ՀԽՀԿ) գործադիր կոմիտեի նիստ

May 30, 2014

Այսօր կայացավ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի (ՀԽՀԿ) գործադիր կոմիտեի նիստ, որը վարեց Համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը: Օրակարգում ընդգրկված հարցերը հիմնականում առնչվում էին 2015 թվականին կայանալիք ամառային 6-րդ Համահայկական խաղերի կազմակերպմանը: Իշխան Զաքարյանը գործկոմի անդամներին տեղեկացրեց, որ Համահայկական ամառային խաղերն ընդգրկված են Ցեղասպանության 100-ամյակին նվիրված համապետական միջոցառումների ծրագրում, ուստի պետք է արվի ամեն բան` դրանք պատշաճ ու բարձր մակարդակով կազմակերպելու համար: Գործկոմը քննարկեց Խաղերի անցկացման տեղի, ժամանակացույցի, գլխավոր մրցավարի եւ բացման ու փակման արարողությունների գլխավոր ռեժիսորի ընտրության հետ կապված հարցերը: 2015 թվականին Ամառային համահայկական խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-ից 13-ը: Տասը հիմնական մարզաձեւերին ավելացվեց եւս յոթը`լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, հանդբոլ, գոլֆ, բազկամարտ, հեծանվային սպորտ եւ հրաձգություն: Որոշ մարզաձեւերի փուլային մրցումները կանցկացվեն Ստեփանակերտում, Գյումրիում, Վանաձորում եւ Արտաշատում: Քվեարկությամբ 6-րդ համահայկական խաղերի գլխավոր մրցավար ընտրվեց միջազգային կարգի մրցավար Դերենիկ Գաբրիելյանը, գլխավոր ռեժիսոր` Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը: Գործկոմի նիստի ավարտին Իշխան Զաքարյանը լրատվամիջոցներին ասաց. «Հաշվի առնելով, որ Համահայկական խաղերին մասնակցում են այն երիտասարդները, ովքեր Եղեռնից մազապուրծ եղած մեր հայրենակիցների ժառանգներն ու շառավիղներն են, ինչ-որ տեղ նաեւ զավակները, որովհետեւ պատվիրակությունների կազմերում գալիս են նաեւ պատկառելի տարիքի մարդիկ, այսօր շատ կարեւոր որոշումներ ընդունեցինք: Հատկապես, Խաղերի բացումը պետք է լինի անհամեմատ ավելի լավը` համահունչ 1915 թվականի խորհրդին ու ոգուն»: 

OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA

Category: ԽԱՂԵՐ, ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

About the Author ()