Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի «Պատվո նշան» բարձրագույն շքանշանով
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Գյումրու քաղաքային մարզադաշտում ներկա է գտնվել Համահայկական ամառային ութերորդ խաղերի բացման արարողությանը:
Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է.
«Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ,
Մեծարգո նախագահ,
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Կառավարության հարգելի անդամներ,
Համահայկական խաղերի գործկոմի անդամներ,
Համահայկական խաղերի սիրելի մասնակիցներ,
Ողջունում եմ բոլորիդ:
Մի քանի ամիս առաջ ստեղծված կառավարական հանձնաժողովն այս ընթացքում որևէ ջանք չի խնայել, որպեսզի Համահայկական խաղերը լինեն իրենց պատմության ընթացքում լավագույնը: Կարծում եմ, որ առաջին իսկ օրվանից մեր կողմից դրված բարձր նշաձողը մենք կարողացել ենք պահել, պահելու ենք և օգոստոսի 19-ին ազդարարելու ենք, որ մեր հայրենակիցները, որոնք այստեղ էին, հաճույք ստացան Համահայկական խաղերից, սիրեցին Հայաստանի Հանրապետությունը և հանձն առան վերադառնալ ու վերադառնալ Հայրենիք:
Սիրելի հայրենակիցներ,
Սիրելի մասնակիցներ,
Ինչպես ասում է Համահայկական խաղերի օրհներգը՝ ձեր ցավը տանեմ:
Շնորհակալություն»:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի որոշմամբ, Համահայկական ամառային ութերորդ խաղերը լավագույնս կազմակերպելու, համակարգելու և օժանդակելու համար Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի «Պատվո նշան» բարձրագույն շքանշանով: Արայիկ Հարությունյանին պարգևը հանձնել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:
Համահայկական ամառային ութերորդ խաղերի ծրագրում ընդգրկված 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ: Խաղերին մասնակցում է 41 պետությունների, 181 քաղաքների 7000-ից ավելի մարզիկ: