Արգենտինահայ երիտասարդների համար Համահայկական խաղերը օլիմպիադայի նման մի բան են, բայց հայրենիքի մեջ․ պատվիրակության ղեկավար

Համահայկական ամառային 8-րդ խաղերին մասնակցելու նպատակով Արգենտինայի պատվիրակությունը այսօր՝ օգոստոսի 4-ին է ժամանել Երևան։ «Եկան, իջան Հրապարակ ու ասացին՝ էս ինչ սիրուն է Երևանը», -ասում է Արգենտինայի պատվիրակության ղեկավար, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Ավետիս Թոքատլյանը։

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Արգենտինայի պատվիրակության ներկայացուցիչների մեծ մասը Համահայկական 8-րդ խաղերում հանդես է գալու ֆուտբոլ, ֆուտզալ մրցաձևերում, ինչպես նաև՝ թենիսի, սեղանի թենիսի, հրաձգության մրցելույթներում։

Այս պատվիրակության 85 տոկոսը առաջին անգամ են Հայաստանում։ «Գալիս ենք ու մեր գաղութի երիտասարդներին բերում մայր Հայաստան։ Այս անգամ նրանց 85 տոկոսը առաջին անգամ է գալիս Հայաստան։ Սերունդը փոխվել է։ Անցյալ սերունդը արդեն երեք անգամ եկել, մասնակցել է խաղերին։ Երիտասարդներին ենք աջակցում, որ գան տեսնեն իրենց հայրենիքը, շփվեն հայրենակիցների հետ», -ասում է պարոն Թոքատլյանը։

Նրա խոսքով, արգենտինահայ երիտասարդների տրամադրությունը բարձր է։ «Նրանց համար Համահայկական խաղերը օլիմպիադայի նման մի բան են, բայց հայրենիքի մեջ և առաջին անգամ լինելով նրանց ադրենալինը շատ բարձր է, քան ուրիշ տեղ որ գնային», -ասում է Ավետիս Թոքատլյանը։

Արգենտինայի պատվիրակության անդամները, բացի խաղերին մասնակցելուց, ունեն նաև ժամանցային ծրագիր․ օգոստոսի 8-ին կլինեն էջմիածնում, կհանդպեն Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, իսկ արդեն օգոստոսի 11-ին՝ խաղերից ազատ օրը, կմեկնեն Խոր Վիրապ ու հայաստանյան այլ տեսարժան վայրեր։