Բասկետբոլի տղամարդկանց եզրափակչում ուժեղ գտնվեց «Գլենդելի» թիմը
Ավարտվեց Համահայկական ամառային 7-րդ խաղերի տղամարդկանց բասկետբոլի եզրափակիչ խաղը։ 28 թիմերից երկուսը՝ «Բևերլի Հիլզն» ու «Գլենդելը» կարողացան հասնել եզրափակիչ։ Լարված և հավասար պայքար էր ընթանում, որի արդյունքում «Գլենդելի» բասկետբոլիստները հաղթեցին 92-84 հաշվով։
Խաղից հետո տղաները նշեցին․ «Չափազանց էմոցիոնալ խաղ անցկացրինք, ինչպես նախորդ Համահայկական խաղերին, այս անգամ ևս եկել էինք հաղթելու, և դա մեզ մոտ ստացվեց»։
Մարզիկներին մեդալները հանձնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը։
«Համահայկական 7-րդ ամառային խաղերը սկսվեցին տպավորիչ բացման արարողությամբ, ընթացքը նույնպես բավականին սահուն անցավ։ Համեմատած 2015 թվականի՝ այս տարի մասնակցության ցուցանիշն ավելի բարձր էր»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Ըստ Ավինյանի՝ Համահայկական ամառային 7-րդ խաղերի կազմակերպվածությունը բավականին լավ մակարդակի վրա էր։