Կանադայի հետ հաջորդ հանդիպումը՝ 2025 –ի ձմեռային խաղերին․ Ի․ Զաքարյան
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը այսօր՝ օգոստոսի 14-ին հյուրընկալել է Կանադայի պատվիրակությանը։
Համահայկական ամառային 8-րդ խաղերին մասնակցելու նպատակով Կանադայի պատվիրակությունը Հայաստան ժամանել է 60 հոգանոց խմբով։ Կանադան Համահայկական խաղերին ներկայացել է կանանց և տղամարդկանց բասկետբոլի խմբերով։ Պատվիրակության կազմում կան նաև աթլետիկայի 3 ու գոլֆի մասնակիցներ ու կամավորներ։
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ, Կանադայի պատվիրակության ղեկավար Պողոս Փոլ Քիշյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց նման հնարավորության համար և ընդգծեց, որ պատվիրակության անդամները խանդավառ են՝ գտնվելով Հայաստանում։
ՀԽՀԿ նախագահ Ի․ Զաքարյանը իր հերթին շնորհակալություն է հայտնել խաղերին մասնակցության համար ու հորդորել սիրել հայրենիքը ու պարբերաբար այցելել Հայաստան։ «Ովքեր առաջին անգամ են եկել, թող երբեք վերջինը չլինի», -նկատել է Ի․ Զաքարյանը
Զաքարյանը տեղեկացրել է, որ համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն ծրագրում է 2025 թվականին անցկացնել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը և հույս հայտնել, որ Կանադայի պատվիրակությունը ակտիվ մասնակցություն կունենա այդ խաղերին։
«Հույս ունեմ, որ Կանադան շատ լավ պատվիրակությունով ձմեռային խաղերին կգա ու կմասնակցի։ Պետք է փորձենք հոկեյի մեջ իրենց մրցակիցներ գտնել, կարծում եմ՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից կգան, Հայաստանից էլ թիմ կլինի», -հավելել է ՀԽՀԿ նախագահը։