Համահայկական խաղերի մասնակիցները ՀՀ նախագահի գլխավորությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ

Համահայկական 8-րդ խաղերի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Օգոստոսի 11-ին՝ խաղերի հանգստյան օրը, առավոտյան, ավանդույթի համաձայն, բոլոր մասնակիցներն իրենց պատվիրակությունների ղեկավարների հետ ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Շատերն առաջին անգամ էին թե՛ Հայաստանում, թե՛ Ծիծեռնակաբերդում։ Նրանք շատ տպավորված ու հուզված էին։

Մասնակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում են եղել նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, տեղակալներ Ռոլանդ Շառոյանը, Ստեփան Դեր–Բեդրոսյանը և գործկոմի այլ անդամներ։

Ծիծեռնակաբերդ կատարած այցից հետո մասնակցիները կշրջեն Հայաստանի տեսարժան վայրերով, մասնավորապես՝ Գառնի, Գեղարդ, Էջմիածին։
Համահայկական 8-րդ խաղերը մեկնարկել են օգոստոսի 5-ին, կավարտվեն օգոստոսի 19-ին։ Հայաստան են ժամանել 41 երկրների 181 քաղաքների 7000-ից ավելի մասնակիցներ։

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ
---------------------------------------