Համահայկական խաղերը լինելու են շատ լավը, ինչպես միշտ․ Իշխան Զաքարյան
֊Պարո՛ն Զաքարյան, ԱԺ-ում վերջին շրջանում գրեթե չեք երևում։ Սա տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել։
– Այո, ճիշտ եք նկատել, կան որոշ հարգելի պատճառներ, որոնցով պայմանավորված ես ցավոք վերջին շրջանում չեմ կարողացել ԱԺ-ում ակտիվ աշխատել։ Մեկնաբանությունների խնդիր չկա՝ բամբասողը միշտ էլ կբամբասի։
֊Դուք պարբերաբար հայտնվում եք լրատվական հոսքերում՝ գալիք համահայկական խաղերի համատեքստում։ Սա՞ է այս փուլում Ձեր հիմնական աշխատանքային ուղղությունը։
֊Աշխատանքային հիմնական և երկրորդային ուղղություններ չեն լինում։ Ուղղակի ես սովոր եմ աշխատանքին վերաբերել մեծ պատասխանատվությամբ, և անել ինձանից կախված ամեն ինչ լավ արդյունքի համար։ Այդպես եղել է Համահայկական բոլոր նախորդ խաղերի ժամանակ, այդպես լինելու է նաև այս անգամ։ 2023թ-ի օգոստոսին տեղի են ունենալու 8-րդ համահայկական խաղերը, կառավարության որոշմամբ ստեղծվել է կազմկոմիտե։ Դրանից հետո տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել են մեկ տասնյակից ավելի կարևոր հարցեր։
֊Կա արդյո՞ք տարբերություն գալիք համահայկական խաղերի և նախորդների միջև։
֊Իհարկե, կա, և միշտ եղել է այդպես։ Ցանկացած հաջորդ համահայկական խաղեր ինչ-որ չափով տարբերվել են նախորդներից, և տեխնիկական առումով, որովհետև միշտ ձգտել ենք անել ավելի լավը, քան արել ենք, և տարբերվել են նաև որոշակի բովանդակային առումով։ Ամբողջ խնդիրն այն է, որ Համահայկական խաղերի հիմնական բովանդակությունն առաջին բառի մեջ է՝ համահայկականության։ Պետության զարգացման ընթացքում մենք տարբեր փուլեր ենք անցել, տարբեր խնդիրներ են եղել այս կամ հատվածում, հայկական աշխարհում տարբեր հարցեր են եղել, տարբեր հարաբերություններ և տրամադրություններ։ Արևմուտքից արևելք, հյուսիսից հարավ սփռված հայկական աշխարհում աշխատել ենք հայ համայնքների հետ և ամեն անգամ մեզ հաջողվել է անցկացնել ամենալավ խաղերը. նորից եմ շեշտում՝ ամեն անգամ ամենալավը։
֊2023-ի խաղերի կազմակերպումն արդեն սկսվա՞ծ է։ Հաշվի առնելով Հայաստանում և աշխարհում տիրող բարդ վիճակը, վստա՞հ եք, որ այս անգամ էլ եք հաջողելու։
֊Թե՛ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն, թե՛ կառավարությունը շատ լավ պատկերացնում են հնարավոր բարդությունները, որոնք կան թե մեր տարածաշրջանում, թե աշխարհում ընդհանրապես։ Բայց մենք վճռական ենք հենց նման բարդ պայմաններում կազմակերպել ամենալավ խաղերը։ Աշխատանքները սկսված են, և արդեն քիչ աշխատանք չի արվել։ Երեք անգամ եղել եմ Միջին Ասիական պետություններում, որտեղ ապրում են զգալի թվով հայեր, բայց դեռևս ոչ մի անգամ չեն մասնակցել համահայկական խաղերին։ Իմ խնդիրը ոչ թե հերթական միջոցառումը կազմակերպելն է, այլ հենց համահայկականության գաղափարով մեծացնել խաղերի աշխարհագրությունը։ Այս պահին արդեն վստահորեն կարող եմ ասել, որ Թուրքմենիայի և Ղազախստանի մեր հայրենակիցները կմասնակցեն խաղերին։ Մյուս պետություններում դեռ անելիք կա։ Եղել եմ Բելառուսում։ Տարբեր հաշվարկներով այնտեղ ապրում է 30-40 հազար հայ, և ես վստահ եմ, որ առաջին անգամ նրանք նույնպես կմասնակցեն խաղերին։ Ի դեպ, այս օրինակով ուզում եմ խոսել մեր դեսպանատների աշխատանքի մասին։ Նրանց հետ համատեղ աշխատանքի դեպքում արդյունքները լինում են ավելի լավը։ Մեծ կարևորություն եմ տալիս արաբական պետություններին։ Այս անգամ հիմնական համակարգող կենտրոնը լինելու է Աբու Դաբիում։ Վստահ եմ, արաբական երկրների մեր հայրենակիցները զգալի մասնակցություն են ունենալու խաղերին։ Այս ընթացքում եղել նաև Մոսկվայում, Փարիզում։ Առաջիկայում նախատեսված են շատ այլ այցեր ու հանդիպումներ՝ թափանիվը միացած է, և կա հստակ սկզբունք՝ ցանկացած այց պետք է տա կոնկրետ արդյունք։
֊Պարո՛ն Զաքարյան, ձեր այցերի աշխարհագրությունն այսօրվա բարդ աշխարհաքաղաքական հարաբերություններում ինքնին խնդրահարույց է։ Գաղտնիք չէ, որ հայ հասարակությամ մեջ էլ սկսվել են խմորումներ՝ ռուսամետ, արևմտամետ և այլն։ Սա չի՞ խոչընդոտելու ձեր գործին։
֊Իմ պատասխանը շատ հստակ է. եթե ընկանք այդ թակարդը՝ ոտնատակ ենք լինելու։ Թե՛ Ռուսաստանում, թե՛ Արևմուտքում, թե՛ Մերձավոր արևելքում, թե՛ Կանադայում, Ավստրալիայում, Ղազախստանում, և աշխարհի ցանկացած վայրում ապրող հայը՝ հայկական աշխարհի մի մասն է, առանց որևէ տարաբաժանման։ Ես քիչ առաջ ասեցի՝ համահայկական խաղերի իմաստը՝ համահայկականությունն է։ Մեր առաջ դրված կարևորագույն խնդիրը հենց դա է՝ հայկական ինքնության պահպանում, աշխարհի տարբեր հատվածների հայերի շփումներ, կապեր, ճանաչելիություն, հայրենիքի հետ կապ։
֊Արցախը ներկայացվա՞ծ է լինելու այս խաղերին։
֊Իմ խորին համոզմամբ Արցախը և արցախահայությունը հայկական աշխարհի առանցքներից մեկն են։ Իհարկե, մասնակցելու է, ինչպես միշտ լավ կազմակերպված և ակտիվ։ 44֊օրյա պատերազմից հետո 17 անգամ եղել եմ Արցախում և ոչ թե որպես տուրիստ, այլ օգտակար լինելու գիտակցումով։
֊Ունե՞ք կանխատեսումներ, մաղթանքներ գալիք տարվա համար։
֊Իհարկե ունեմ՝ և՛ կանխատեսումներ, և՛ մաղթանքներ, բայց հիմա դրա մասին չէ, որ կուզեմ խոսել, այլ դրանց հասնելու ճանապարհների։ Ներքին համերաշխություն և կարող ուժերի միասնական ջանք՝ լուծենք այս խնդիրը և կկարողանանք դիմակայել բոլոր դժվարություններին։ Կգտնվենք այնքան խոհեմ, որ մի կողմ կդնենք նեղ թիմայինը, անձնականը, կկարևորենք՝ ընդհանրական, պետական շահը, ապա կունենանք լուրջ հաջողություններ։
https://armlur.am/1234623/