Հեծանվավազք․ Լոռվա մարզի և Լոս Անջելեսի ամենատարեց մասնակիցները

Հեծանվավազքի մրցաշարում ամենատարեց մասնակիցները երկուսն են՝ մեկը Հայաստանից, մյուսը՝ Լոս Անջելեսից։

Լոռու մարզի Սպիտակ քաղաքը ներկայացնող 62-ամյա Արթուր Ալոյանը Համահայկական խաղերի հեծանվասպորտի մրցաշարում ամենատարեց մասնակիցն է։ Հեծանիվ սկսել է վարել 2018-ին սրտի վիրահատությունից հետո, երբ բժիշկները խորհուդ են տվել զբաղվել սպորտով և առաջարկված երեք սպորտաձևից ընտրել է հեծանվասպորտը։ Նախորդ տարիներին 3 անգամ մասնակցել է վարչապետի գավաթի մրցումներին, գրանցել գոհացնող արդյունքներ։

Համահայկական խաղերին մասնակցում է անհատական ու խմբային մրցաշարերին։ Անհատական մրցապայքարում 16 կմ մրցուղին Ալոյանը կտրել-անցել է 17 րոպեում։ Հեծանվավազքի երթուղին այս տարի ընտրված է Շորժա-Ծովագյուղ թերակղզու հատվածքը։ «Մրցուղու վրա բոլորը ինձանից երիտասարդ էին, դրա համար մրցավարը հայտարարեց՝ բացարձակ չեմպիոն։ Իմ տարիքի համեմատ ես երիտասարդների հետ միջնամասում եմ», -նշեց տարեց մարզիկը։ Ալոյանն ասաց, որ առաջին անգամ է մասնակցում Համահայկական ամառային խաղերին ու շատ շնորհակալ է նման հնարավորության համար։ «Շատ, շատ գոհ եմ, լավ կազմակերպված է, ես էլ կարողացա իմ հնարավորությունները օգտագործել, քանի որ մշտապես պարապում եմ, հեծանիվ եմ վարում», -նշեց Ալոյանը։

Համահայկական խաղերով ոգևորված, խաղերի մասնակից հեծանվորդներին մրցակցությունից դուրս միացել է Լոս Անջելեսի բնակիչ 66 – ամյա Մայքլ Քուլուջյանը։ «Սպորը կյանք է, ես շատ ոգևորված եմ, էնտուզիզմով եմ մասնակցել հեծանվավազքին։ Ուրախ եմ, Հայաստանում նման միջոցառում է անցկացվում, որ աշխարհի հայերը հավաքվում են հայրենիքում։ Հայաստանի հեծանվավազքի զարգացման գործում ամերիկահայերի հետ միասին շատ նվիրատվություններ ենք անում, որ այս մարզաձևը Հայաստանում ավելի զարգանա և տարածում ստանա։ Ես հիմա դրա արդյունքները տեսնում եմ, ինչի համար շատ ուրախ եմ»։

Մայքլ Քուլուջյանն ասաց, որ հաջողությամբ հաղթահարել է 16 կմ-անոց հեծանվուղին և իրեն շատ լավ է զգում, առույգ ու հոգեպես հարուստ․ « Նաև հեծանվաուղին է շատ լավ վայրում ընտրված՝ գեղատոսիլ Սևանի ափին։ Ամբողջությամբ բավարարված եմ կազմակերպված խաղերից» , -ավելացրեց 66 ամյա հեծանվորդը։

Համահահայկական խաղերի շրջանակում հեծանվասպորտի մրցաշարը մեկնարկել է օգոստոսի 9-ին և ավարտվեց օգոստոսի 10-ին։