Ղազախները ցանկանում են տեղայնացնել Համահայկական խաղերը

Համահայկական ամառային 8-րդ խաղերը տպավորել են ոչ միայն հայերին։ Խաղերի ղազախ հյուրերը տպավորված են միջոցառման գաղափարով, ձևաչափով ու բովանդակությամբ և ցանկանում են այն տեղայնացնել իրենց երկրում։ Այս մասին նրանք ասել են Ղազախստանի պատվիրակության ղեկավար, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամ Հայկ Սողոյանին, ում հրավերով էլ մասնակցել են խաղերի բացման հանդիսավոր արարողությանը։

«Ղազախ հյուրեր ունենք, այնքան տպավորվեցին խաղերի գաղափարով, որ ցանկանում են Իշխան Զաքարյանի հետ խոսել, որպեսզի նույն նախագիծն իրականացնեն նաև իրենց երկրում՝ դրսում բնակվող ղազախներին համախմբելու համար»,– ասում է նա։

Ղազախստտանի պատվիրակությունն այս տարի առաջին անգամ է մասնակցում Համահայկական խաղերին։ Նրանք ժամանել են 35 հոգով: Ներկայացուցիչներ ունեն հիմնականում անհատական մարզաձևերում։ Հայկ Սողոյանն ընդգծում է, որ իրենց պատվիրակության անդամներն արդեն մտածում են հաջորդ խաղերի մասնակցելու մասին։

«Բոլորը շատ ոգևորված են։ Այսօրվանից արդեն ասում են, որ ձմեռային խաղերին էլ են ցանկանում մասնակցել։ Շատ մեծ, հետաքրքիր միջոցառում է։ Շատ տպավորված եմ։ Ասել, թե բարձր եմ գնահատում, նշանակում է ոչինչ չասել։ Կփորձենք հաջորդ խաղերին ավելի մեծացնել մասնակիցների քանակը»,– նշում է նա։
Համահայկական խաղերը մեկնարկել են օգոստոսի 5-ին։ Կավարտվեն օգոստոսի 19-ին։