Սպորտը համադրել գեղեցկության հետ. գեղեցկության մրցույթ՝ Համահայկական խաղերին

Օգոստոսի 15-ին Համահայկական ամառային 7-րդ խաղերի շրջանակում անցկացվեց ավանդույթ դարձած գեղեցկության մրցույթը: 13 աղջիկ պայքարում էր գեղեցկուհու տիտղոսի համար:

«14 տարեկանից սկսած մինչև 32 տարեկան մասնակիցներ կան: Խաղերին ավանդույթ է դարձել գեղեցկության մրցույթը: Այն, կարծես, միջոց է, որ սպորտը համադրենք գեղեցկության հետ»,- ասաց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Պերճ Հալաջյանը:

68300471_347117409524425_1606498861705068544_n

Մրցույթի ընթացքում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ընտրած ժյուրին ոչ միայն գնահատում էր մասնակիցների արտաքինը, այլև հարցերի միջոցով փորձում էր հասկանալ, թե աղջիկներն ինչ գիտելիքներ ունեն:

Ի վերջո, հաղթող ճանաչվեց 25-ամյա Աննա Թունյանը, որը ներկայացնում է Ռոստովի «Ջանֆիդա» վոլեյբոլի թիմը: Երկրորդ հորիզոնականում կրկին Ռոստովից ժամանած մասնակիցն էր՝ Արմինե Գալստյանը: Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Արցախից Անգելինա Մանասյանը:

«Արդեն 2-րդ անգամ եմ մասնակցում Համահայկական խաղերին, իսկ գեղեցկության մրցույթում 1-ին անգամ եմ: Չնայած լարվածություն կար, բայց նաև հաճելի էր»,- մրցույթից հետո ասաց Աննա Թունյանը:

Էջմիածինը ներկայացնող 18-ամյա Մարիամ Փափազյանը, թեև, տեղ չզբաղեցրեց, սակայն նշեց, որ հաճույքով է մասնակցել:67960554_378848396167087_6147617042745786368_n

«Չգիտեի, որ խաղերի ընթացքում նաև գեղեցկության մրցույթ է անցկացվելու, բայց մեծ սիրով մասնակցեցի: Ընդհանրապես, Համահայկական խաղերը հիանալի հնարավորություն տվեցին ծանոթանալու և ընկերանալու Արցախում ու Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների հետ»,- ասաց Մարիամը:

Մրցույթից ստացված տպավորությունների մասին խոսեցին նաև ժյուրիի մյուս անդամները: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ, Կիպրոսը ներկայացնող Հարություն Թահմազյանի խոսքով՝ մրցույթը կայացել է բարձր մակարդակով, և հաղթել է լավագույնը:

68440769_656139504891753_5836735451456602112_n

Նորաձեւության աշխարհը ներկայացնող ժյուրիի անդամ Մելինե Ղորհմազյանը ցանկություն հայտնեց, որ գեղեցկությունը մշտապես զուգորդվի սպորտային միջոցառումների հետ:

Ամփոփելով մրցույթը՝ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Պերճ Հալաջյանը նշեց, որ չնայած մասնակիցների 60-70 տոկոսը չէր տիրապետում հայերենին, սակայն խոստացել են անպայման սովորել և հաջորդ խաղերին խոսել հայերեն: