Վանաձորի թիմը՝ հանդբոլի մրցաշարի չեմպիոն
Համահայկական 8-րդ խաղերի հանդբոլի մրցաշարի չեմպիոն դարձավ Վանաձորը ներկայացնող թիմը։ Այսօր՝ օգոստոսի 13-ին, Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում կայացած եզրափակչում թեժ պայքարում առավելության հասավ Երևանի նկատմամբ։ Հաղթեց 30-22 հաշվով։ Ողջ հանդիպման ընթացքում վանաձորցիներն առավելություն ունեին ու կարողացան այն պահպանել մինչև վերջ։
Խաղից հետո Վանաձորի թիմի անդամ Գոռ Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ավելի բարդ պայքար էր սպասում։
«Եզրափակիչը մենք ավելի դժվար էինք պատկերացնում, այդպես էինք տրամադրված։ Շատ հարմար խաղ էր, շատ դուր եկավ։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Երևանի հավաքականին, նաև բոլոր թիմերին, որոնք պայքարեցին։ Շատ հաճելի էր իրենց հետ խաղալ ևս մեկ անգամ, և հուսով եմ՝ էլի կխաղանք»,– ասաց նա։
Գոռ Պողոսյանը 2-րդ անգամ է մասնակցում Համահայկական խաղերին և Վանաձորի հանդբոլի թիմի կազմում 2-րդ անգամ անընդմեջ դառնում է չեմպիոն։ Ընդգծում է, որ իրենց համար խաղերում կարևորը հաղթանակն է։
«Դա հաջողվում է թիմի համախմբվածության, մարզչի և նրա շնորհիվ, որ չենք վախենում ինքներս մեզ վրա պատասխանատվություն վերցնել»,– նշեց Գոռը։
Եզրափակչի մյուս մասնակցի՝ Երևանի խաղացողները հանդիպումից հետո մի փոքր անտրամադիր էին, սակայն հասկանում են, որ արդյունքի պատասխանատուները հենց իրենք են։ Գիտակցում են, որ պետք է ավելի լավ պատրաստվեին։ Թիմի անդամներից Հայկ Աբգարյանը խոստովանեց, որ իրենք այդքան էլ լավ մարզավիճակում չէին։
«Հիմնականում տղաների՝ խուճապի մատնվելը մեզ խանգարեց։ Խուճապը ուղղակի ֆիզիկապես պատրաստ չլինելու պատճառով էր։ Իսկ ընդհանուր առմամբ մրցումները կոնկրետ Երևանի համար շատ լավ անցան։ Համեմատած մեր պարապմունքների քանակի ու որակի հետ՝ շատ լավ ենք խաղացել»,– ասաց նա՝ ավելացնելով, որ խաղերում կարևորը մասնակցությունն էր և որ սա լավ փորձառություն էր իրենց համար։
Համահայկական 8-րդ խաղերի հանդբոլի մրցումները մեկնարկել էին օգոստոսի օգոստոսի 3-ին։
Մրցաշարային աղյուսակում լավագույն եռյակը եզրափակում է Ալավերդին։ Գավառը 4-րդն, Հրազդանը 5-րդը, իսկ Գյումրին՝ 6-րդը։
Համահայկական խաղերը մեկնարկել են օգոստոսի 5-ին։ Կավարտվեն օգոստոսի 19-ին։