Փարիզի բասկետբոլի թիմի անդամները հույս ունեն խաղերի ավարտին մարզական բարձր արդյունքներ գրանցել
Համահայկական 8-րդ խաղերում Փարիզը ներկայացնող բասկետբոլի թիմում բարձր տրամադրություն է։ Թիմի անդամները տպավորված են թե՛ բացման արարողությունից , թե՛ խաղերի կազմակերպվածությունից։
«Բացման արարողությունը շատ սիրուն էր։ Լավ զգացի, որ հայերի հետ եմ, ինձ հպարտ զգացի, որ հայ եմ ու եկել եմ՝ մասնակցելու։ Խաղերը դժվար են, բայց լավ են անցնում։ Լավ ենք շփվում թիմերի հետ, շատ լավ է անցնում։ Կազմակերպչական առումով ամեն ինչ ճիշտ է»,– ասում է բասկետբոլիստ Դվին Քեշիշյանը, որն առաջին անգամ է մասնակցում խաղերին։
Համահայկական խաղերին առաջին անգամ է մասնակցում նաև նրա թիմակից Գոռ Գրիգորյանը։ Թեև նա հույս ունի, որ իրենք մարզական բարձր արդյունքներ կգրանցեն, սակայն ընդգծում է, որ ամենակարևորը Հայաստանում գտնվելն է։
«Ինձ թվում է՝ փուլերով առաջ կանցնենք։ Առաջին հերթին մասնակցելու համար ենք եկել։ Մեզ համար շատ կարևոր է, մեզ մոտ (խմբ․ Ֆրանսիայում) միշտ էլ մրցումներ լինում են, բայց որպես հայ մեզ համար մեծ հպարտություն է, որ կարող ենք մեր շրջապատի օտարազգիներին ասել՝ գնում ենք խաղերին մասնակցելու»,– ասում է նա։
Համահայկական 8-րդ խաղերի բասկետբոլի առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 7-ին։ Կավարտվի օգոստոսի 18-ին։