[:en]Համահայկական խաղերն ինձ կյանք են տալիս. Պերճ Հալաջյան[:]

[:en]Տեսանյութ

Եգիպտոսը Համահայկական 7- րդ ամառային խաղերին ներկայացել է նախորդ անգամներից գրեթե կրկնակի կազմով՝ 208 մասնակից: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ, Եգիպտոսի պատասխանատու Պերճ Հալաջյանը դա պայմանավորում է խաղերի նկատմամբ տարեցտարի աճող հետաքրքրությամբ, նաև՝ հանդիսավոր բացումն այս տարի Արցախում անցկացնելու հանգամանքով:

1999 թվականից՝ հենց սկզբից, Պերճ Հալաջյանն ընդգրկված է Համահայկական խաղերում: Նա նույնպես մարզիկ է եղել. 19 տարեկանում բարձրացատկի չեմպիոն է դարձել Եգիպտոսում, և նրա ռեկորդը՝ 1,89 մ, 1966-1967 թվականներին երկար ժամանակ պահպանվել է:

Պերճ Հալաջյանը նշում է, որ համահայկական խաղերն իրեն կյանք են տալիս, ապրելու իմաստ, քանի որ սպորտը լավագույն միջոցն է՝ միավորելու հայերին: Նա պատմում է, որ երիտասարդներից շատերն առաջին անգամ են հայրենիքում, և շատ տպավորվում են, երբ Եգիպտոսի անապատներով ճամփորդելուց հետո տեսնում են Հայաստանի անտառները, լեռներն ու ձորերը.  մի բան է այդ ամենի մասին կարդալ գրքերում, մեկ այլ՝ տեսնել անձամբ:

Արցախում կայացած բացումը և անցկացրած մի քանի մրցումն աննախադեպ է համարում Պերճ Հալաջյանը. աշխարհում սփռված  հայերը միավորվեցին Արցախում, ճանաչեցին իրար և ցույց տվեցին մեր անպարտելի կամքը:

Համահայկական խաղերի կազմակերպչական հարցերում անհրաժեշտ է ներգրավել երիտասարդներին, կարծում է Պերճ Հալաջյանը՝ հավելելով, որ հայությունը պետք է միավորվի:

[embedyt] https://www.youtube.com/watch?v=uXzgY2lpFgA[/embedyt]

Համահայկական ամառային 7- րդ խաղերը տեղի են ունենալու օգոստոսի 5-17-ը՝ Հայաստանում և Արցախում։ Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերն անցկացվել են Ստեփանակերտում, իսկ հաջորդ օրերը՝ Երևանում: Խաղերին մասնակցում են պատվիրակություններ 35 երկրից և 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ, մարզական պատվիրակների թիվը հասնում է մոտ 5300-ի։ Ամենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից է, որը ներառում է 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում է 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը և Չեխիան: Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում։ Խաղերի նշանաբան է՝ «Միասնություն՝ սպորտով»:

 [:]