[:en]Մենք գալիս ենք ոչ թե մեդալի, այլ սփյուռքի և Հայաստանի երիտասարդությանն իրար կապելու համար[:]

[:en]

Անդրադարձ.  https://armeniasputnik.am

«Տետ–ա–տետ» հաղորդաշարի շրջանակում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամ, Կիպրոսի ներկայացուցիչ Հարություն Թամազյանը նշել է` այս տարվա համահայկական խաղերը նշանավորվեցին նրանով, որ բացման արարողությունն Արցախում էր: Նրա խոսքով՝ խաղերը տարբեր էին նախորդ տարիներից նաև որակապես:

Այս անգամ Համահայկական խաղերի որակն իսկապես բարձր էր, միայն տեխնիկապես չէ, այլ տեսակով, մտքով: Այդ մասին Sputnik Արմենիայի «Տետ–ա–տետ» հաղորդաշարի շրջանակում  ասաց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամ, Կիպրոսի ներկայացուցիչ Հարություն Թամազյանը։

«Ստեփանակերտում բացումն արդեն իսկ տարբեր զգացողություններ արթնացրեց բոլորի մոտ: Շատերս սկզբում թերահավատությամբ վերաբերվեցինք, բայց երբ կա կամք և աշխատողներ կան, ամեն ինչ կլինի:

Նշաձող էր դրված, որին հասանք, սակայն ամենալավ նետը դեռ չարձակված նետն է, մենք դեռ չարձակված նետեր ունենք»,-ասաց նա:

Թամազյանը խոստացավ, որ հաջորդ խաղերն էլ տարբերվող կլինեն և դարձյալ մասնակիցները գոհ կլինեն։

«Համահայկական խաղերը շատ  դժվար պայմաններում ծնվեց, դեռ շատ երիտասարդ է, ընդամենը 20 տարեկան, առջևում շատ անելիքներ ունենք»,- նշեց նա և հավելեց, որ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն հոգում է ծախսերը և ամեն ինչ անում է, որ Սփյուռքից մեկ մասնակից, մեկ երիտասարդ ավել գա:

Թամազյանի խոսքով` չնայած Արցախ գալն իր դժվարություններն ուներ, բայց բոլոր սիրահարվել են Արցախին, մասնակիցներին այնտեղ շատ լավ դիմավորեցին:

[embedyt] https://www.youtube.com/watch?v=8SUim7Gg8vs[/embedyt]

«Համահայկական խաղերի ընթացքում լուրջ դիվանագիտական աշխատանք է արվել: Մենք այցելել ենք Արևմտյան Հայաստան, այնտեղ քաղաքապետների հետ հանդիպումներ ենք ունեցել, ջահ ենք վառել, դրոշ ենք բարձրացրել: Մեծ աշխատանք է արվել և դա տեսանելի է», – ընդգծեց գործկոմի անդամը:

Համահայկական խաղերի ընթացքում երիտասարդները ոչ միայն ծանոթանում են, այլև ընտանիք կազմում։ Այս տարի ևս 2 զույգ է կազմավորվել:

Իմ դուստրը նույնպես իր ամուսնու հետ ծանոթացել է 2015 թվականի համահայկական խաղերի ժամանակ: 2007 թվականին ես ասացի, որ մեր նպատակն է սփյուռքը Հայաստանի հետ ամուսնացնել և այս խոսքիս ժամանակ ինձ ընտրեցին գործկոմի անդամ»,- նշեց Թամազյանը:

Նա վստահեցրեց որ իրենք գալիս են խաղերին մասնակցելու ոչ թե մեդալի կամ գավաթի համար, այլ սփյուռքի երիտասարդությանը Հայաստանի երիտասարդության հետ կապելու, այդ կապն ամրացնելու նպատակով:

armeniasputnik.am[:]