ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը պարգևատրեց Անտոնիո Սարաֆյանին (Արգենտինա)

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն ընդունեց Արգենտինայի Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Անտոնիո Սարաֆյանին: Անտոնիո Սարաֆյանը նշում է ծննդյան 70-ամյա հոբելյանը: Իշխան Զաքարյանը շնորհավորեց Մեծ հային տարեդարձի առիթով, միևնույն ժամանակ բարձր գնահատեց Անտոնիո Սարաֆյանի գործունեությունը հատկապես Համահայկական ամառային խաղերի կազմակերպման գործում: Անտոնիո Սարաֆյանն առաջիններից մեկն էր, որ դեռ 1999թ-ին, մեծաթիվ պատվիրակությամբ ժամանեց Երևան ու մասնակցեց Համահայկական առաջին խաղերին: Իշխան Զաքարյանն Անտոնիո Սարաֆյանին պարգևատրեց Համահայկական խաղերի բարձրագույն պարգևով` «Պատվո նշան» շքանշանով: Անտոնիո Սարաֆյանը ստացավ նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի պատվավոր անդամի վկայական: Արգենտինայի Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար. համակարծիք է Իշխան Զաքարյանի հետ` միասնությունը նաև սպորտով է` «Մեկ միասնություն, մեկ սիրտ, մեկ հոգի, մեկ հայություն»: