ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանն աշխատանքային այցով Բրազիլիայում է


Նոյեմբերի 21-ից 23-ը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, փոխնախագահ Վրեժ Շառոյանը (Սիրիա),  գործկոմի անդամներ Ավո Թոքատլյանը (Արգենտինա) և Ավետիս Մարկոսյանը (Բրազիլիա) հանդիպեցին Բրազիլիայի Հանրապետությունում ՀՀ պատվավոր կոնսուլ Հիլդա-Տիրուհի Բուրմայանի հետ: Հանդիպմանը ներկա էին հայ համայնքի բոլոր կառույցների ներկայացուցիչները, Բրազիլիայի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդ-սրբազան Նարեկ Բերբերյանը և այլք: Իշխան Զաքարյանը ներկայացրեց Համահայկական խաղերի տարեգրությունը,ինչպես նաև Համահայկական խաղերի Վիլիջի գաղափարը: Շահագրգիռ  քննարկում ծավալվեց: Ներկաները ծափողջյուններով և միահամուռ ողջունեցին մարզական ավանի գաղափարը` խոստանալով անվերապահ աջակցություն:

 

Այնուհետև պատվիրակությունն այցելեց Հայ բարեգործական ընդհանուր միության կենտրոնական գրասենյակ, որից հետո ներկաները հավաքվեցին Ս.Ա.Մ.Ա. մարզական ակումբում (նախագահ Մաուրիցիո Բեհիսմելյան), որտեղ և կայացավ հանդիպում Հ.Մ.Ը.Մ. և  Հ.Բ.Ը.Մ. ներկայացուցիչների հետ: Իշխան Զաքարյանը բարձր գնահատեց սփուռքահայ միությունների միասնական և ակտիվ աշխատանքը Համահայկական խաղերի կազմակերպման գործում:

Բրազիլիա այցի վերջին օրն Իշխան Զաքարյանը հանդիպեց «Ա.Կ. ՌԵԱԼԹԻ» ընկերության նախագահ Անդրե Քիսաջիկյանի հետ: Քննարկեցին Համահայկական Վիլիջի կառուցման հետ կապված հարցեր: Կառուցման ժամանակացույցի հետ կապված, Անդրե Քիսաջիկյանը  մի շարք  օգտակար խորհուրդներ տվեց,  հավաստիացրեց, որ ոչ միայն ինքը,այլ նաև իր ընկերները կօգնեն սփյուռքահայ երիտասարդության համար այդ հրաշալի գաղափարի իրագործման հարցում: Իշխան Զաքարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց բրազիլիահայ համայնքին ջերմ ընդունելության համար.«Սփյուռքի յուրաքանչյուր գաղթօջախի պահպանումը և բարգավաճումը միանշանակ  Հայաստանի հզորացումն է»,-ասաց ՀԽՀԿ նախագահը:

Հարավային Ամերիկա աշխատանքային այցի շրջանակներում, վերոհիշյալ հարցերի շուրջ, Իշխան Զաքարյանն ու պատվիրակության անդամները բավականին արդյունավետ  քննարկումներ ունեցան Ուրուգվայի Հանրապետությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանի, Արգենտինայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանի, Բրազիլիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանի հետ: ՀԽՀԿ նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպաններին` Համահայկական խաղերի տեղական կառույցների կողքին լինելու,գործնական աջակցության համար:

Նոյեմբերի 24-ին Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց ԱՄՆ, ուր նախատեսված են բազմաթիվ հանդիպումներ: