Կարևոր հանդիպումներ ԱՄՆ-ում. մեկնարկել է ՀԽՀԿ պատվիրակության այցը


Համահայկական  խաղերի  համաշխարհային  կոմիտեի  նախագահ  Իշխան Զաքարյանը,  փոխնախագահներ  Ալբերտ  Բոյաջյանը  (ԱՄՆ)  և  Վրեժ  Շառոյանը (Սիրիա),  նախագահի  օգնական  Սարգիս  Վաթյանը  Լոս  Անջելեսում հանդիպեցին  ՀՀ  Գլխավոր  հյուպատոս   Կարեն   Իսրայելյանի  հետ:  Շուրջ  1,5 ժամ  տևած  հանդիպման  ընթացքում  քննարկվեցին  Համահայկական  խաղերի մարզական  ավանի  կառուցման   գործում  ամերիկահայերի մասնակցության հետ  կապված  կազմակերպչական  հարցեր:  Ալբերտ Բոյաջյանն  առաջարկեց ստեղծել  հատուկ  կոմիտե, որը  կզբաղվի  միայն  վերոհիշյալ  խնդրի  լուծմամբ: Հանդիպման  ընթացքում,  Իշխան  Զաքարյանը  Գլխավոր հյուպատոսին ներկայացրեց  խաղերի  պատմության  դինամիկան,  ԱՄՆ քաղաքներում  Համահայկական  խաղերի  քաղաքային  խորհուրդների  ձևավորման  ընթացքը,  խոսեց  նաև   ծագած  որոշակի  դժվարությունների մասին:  Գլխավոր հյուպատոսը  խոստացավ  ցանկացած  հարցով  աջակցել  տեղական  կառույցներին` այդ  կարևոր  գործընթացն  արդյունավետ  ավարտելու  համար:

Այնուհետև  պատվիրակությունը  Հ.Մ.Ը.Մ.  «Արարատ»  ակումբում  հանդիպեց ԱՄՆ  հայկական  միությունների  ներկայացուցիչների  հետ:  Գործկոմի  անդամ Արմիկ  Եբրահիմյանը  (ԱՄՆ)   և   պատվավոր  անդամ   Ալֆրեդ  Հավանը  (ԱՄՆ) ներկայացրեցին  կատարված  աշխատանքներն  ու  առաջիկա  անելիքները: Կարևորելով  կատարված  աշխատանքներն,  այնուամենայնիվ,  Իշխան Զաքարյանն  առանձնացրեց    մի  շարք  խնդիրներ, որոնք   աչքաթող  են  արվել  և  անհրաժեշտ  է   դրանք  շտկել:  Պայմանավորվեցին  առաջիկա  օրերին  ևս  մեկ անգամ  քննարկել  այդ  հարցերը:

ՀԽՀԿ  պատվիրակության  այցն  ԱՄՆ-ում   շարունակվում  է.  սպասվում  են  կարևոր  այլ  հանդիպումներ  ևս: