Լաս  Վեգասում  կազմավորվեց  Համահայկական  խաղերի  համաշխարհային կոմիտեի  ԱՄՆ  ևս  մեկ  քաղաքային  խորհուրդ


Համահայկական   խաղերի  համաշխարհային  կոմիտեի   նախագահ  Իշխան Զաքարյանը,  փոխնախագահ  Վրեժ  Շառոյանը  (Սիրիա)  և  նախագահի օգնական  Սարգիս  Վաթյանը  Հյուսիսային  Ամերիկա  աշխատանքային  այցի շրջանակներում,  Լաս  Վեգասի   արդեն  բավականին  հայաշատ   քաղաքում,  հանդիպումներ  ունեցան  նոր  ձևավորված  քաղաքային  խորհրդի  անդամների և  գործարար  շրջանակների  ներկայացուցիչների  հետ:

Լաս  Վեգասի  քաղաքային  խորհրդի  նախագահ  Հայկ  Սահակյանը ներկայացնելով   կատարված  աշխատանքներն  ասաց,  որ  արդեն  ձևավորվել  են  ֆուտբոլի,  բասկետբոլի  և  կանանց  վոլեյբոլի  թիմերը,  ունեն  նաև  որոշ մարզիկներ  անհատական  մարզաձևերից:  Ուրվագծվել  է   անհատ բարերաների  այն  շրջանակը  ևս,  ովքեր  ֆինանսապես  օգնելու  են  քաղաքային խորհրդին:  Իշխան  Զաքարյանը  գոհունակությամբ  նշեց,  որ  անցած  տասն ամիսների  ընթացքում  կատարվել  է   լուրջ  աշխատանք  և  այլևս  կասկածից վեր  է,  որ  ԱՄՆ  ևս  մեկ  քաղաքի  մարզիկներ  կմասնակցեն  ամառային խաղերին:  Հանդիպման  ընթացքում   ՀԽՀԿ   նախագահը    վկայականներ հանձնեց  Լաս  Վեգասի  քաղաքային  խորհրդի  առաջին  քսան  անդամներին:

Հաջորդ  օրերի   բավականին  լուրջ  և  շահագրգիռ  քննարկումների  առանցքում     նաև  Համահայկական  մարզական  Վիլիջի  շինարարության  հետ  կապված  հարցն  էր:   Նախատեսվող  «համերգ-հանգանակություն»  միջոցառման շրջանակներում  Իշխան   Զաքարյանը,  Ալբերտ  Բոյաջյանը  (ԱՄՆ)  և  Վրեժ Շառոյանը  (Սիրիա)  հանդիպեցին  հայկական  շոու-բիզնեսի  ներկայացուցիչների ,  սիրված  երգիչների   հետ:

ՀԽՀԿ   պատվիրակությունն   առաջիկա   օրերին   ևս  մի   շարք  կարևոր  հանդիպումներ  կունենա   ու   դեկտեմբերի  7-ին  կավարտի   աշխատանքային  այցն  ԱՄՆ: