Նարինե Շահբազյանը՝ Համահայկական ամառային 8-րդ խաղերի գլխավոր մրցավարն է

Համահայկական ամառային 8-րդ խաղերի գլխավոր մրցավարը ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանն է: «Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է լինել համահայկական ամառային 8-րդ խաղերի գլխավոր մրցավար։ Մրցավարական կազմը կանի ամեն ինչ, որպեսզի համահայկական խաղերն ընթանան առողջ մրցակցային, բայց նաև ջերմ ու ընկերական մթնոլորտում»,- վստահեցրել է խաղերի գլխավոր մրցավար Նարինե Շահբազյանը՝ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի և ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի հետ հանդիպման ընթացքում։
Քննարկմանը՝ ի թիվս մրցավարական կազմի ձևավորմանը, անդրադարձել են նախապատրաստական և կազմակերպչական այլ հարցերի։ Առաջիկայում նախատեսվում են հանդիպումներ նաև ֆեդերացիաների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ։
«Այս խաղերում կարևորն ու առաջնահերթը պետք է համարենք գաղափարը, ցանկությունն ու տրամադրվածությունը և բոլորիս միահամուռ ջանքերով ու «Միասնություն սպորտով» կարգախոսով խաղերն անցկացնենք ամենաբարձ մակարդակով»,- ասել է Իշխան Զաքարյանը:

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ
---------------------------------------