Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունը Հարավային Ամերիկայում է
Նոյեմբերի 13-ից 15-ը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, փոխնախագահ Վրեժ Շառոյանը (Սիրիա), գործկոմի անդամ Ավո Թոքատլյանը (Արգենտինա) և Ուրուգվայի Հանրապետությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպումներ ունեցան Ուրուգվայի հայ համայնքի, Հ.Մ.Ը.Մ.-ի, Հ.Մ.Մ-ի, Բարեգործական միության և Եկեղեցու ներկայացուցիչների հետ: Քննարկվեց Համահայկական խաղերին ուրուգվահայ համայնքի մասնակցության հարցը, որը վերջին տարիներին բավական պասիվ էր: Արդյունքում` միաձայն լիազորեցին դեսպանին ընտրելու այն անձնավորությանը, ով կհամակարգի աշխատանքները, եւ համայնքը լիարժեք կմասնակցի 2027թ-ի ամառային 9-րդ խաղերին:
Այնուհետեւ, Համահայկական մարզական ավանի շինարարության, հետագա աշխատանքներին ներգրավելու եւ համագործակացության առումով չափազանց արդյունավետ հանդիպում կայացավ «Քորփորացիոն Ամերիկա» ընկերության գլխավոր տնօրեն Մարտին Էռնեկյանի հետ: Պրն. Էռնեկյանը շնորհավորեց Իշխան Զաքարյանին Համահայակական Վիլիջի գաղափարի համար` խոստանալով, որ կհրահանգի հայաստանյան իր կառույցներին կապ հաստատել կոմիտեի հետ համագործակցության նպատակով:
Նոյեմբերի 16-ից պատվիրակության այցը շարունակվեց Արգենտինայում: Հայ բարեգործական միության կենտրոնական գրասենյակում հավաքվել էին արգենտինահայ համայնքի բոլոր ներկայացուցիչները: Իշխան Զաքարյանը շնորհակալություն հայտնեց Հ.Մ.Ը.Մ-ի, բարեգործականի, Հ.Մ.Մ-ի. եւ եկեղեցու ներկայացուցիչներին համահայկական խաղերում միասնականության եւ լավ աշխատանքի համար: «Դուք համահայկական խաղերին մասնակցում եք մեծ թիմով` կազմակերպված ու ակտիվ: Շնորհակալ եմ բոլորիդ կատարված աշխատանքի համար: Շնորհակալ եմ գործկոմի անդամ Ավո Թոքատլյանին աշխատանքները լավ կազմակերպելու համար»,-նշեց կոմիտեի նախագահը: Այնուհետեւ մասնակիցները դիտեցին Համահայկական մարզական ավանի գաղափարի մասին պատմող տեսանյութը:
«Համահայկական մարզական ավանը լինելու է Հայաստան-Սփյուռք երիտասարդության տունը Մայր Հայրենիքում,ուր բոլորը շուրջ մեկ ամիս ապրելու են միասին` մեկ հարկի տակ,մեկ ընտանիքի պես»,-իր ելույթում ասաց Իշխան Զաքարյանը` ավելացնելով, որ ՀՀ նախագահ Վ. Խաչատուրյանի և Համահայակական խաղերի կառավարական կազմկոմիտեի նախագահ Ա. Հարությունյանի հետ շատ մանրամասն քննարկել են այդ գաղափարը, որն արժանացել է հավանության: Ներկաները բազմաթիվ հարցեր ուղղեցին պրն. Զաքարյանին, որոնց տրվեցին սպառիչ և գոհացուցիչ պատասխաններ: Արգենտինահայ համայնքը սիրով համաձայնեց մասնակցելու Վիլիջի կառուցման համար նախատեսվող միջոցառումներին:
Նոյեմբերի 17-ին պատվիրակության անդամները այցելեցին Հ.Մ.Ը.Մ. կնետրոնական գրասենյակ, ծանոթացան մարզական կառույցներին, լսեցին խաղերի ծրագրում նոր մարզաձեւեր ընդգրկելու առաջարկներ: Իշխան Զաքարյանը գրառում կատարեց Հ.Մ.Ը.Մ. կենտրոնական գրասենյակի պատվավոր հյուրերի գրքում:
Նոյեմբերի 18-ից 20-ը նախատեսվում են հանդիպումներ արգենտինահայ գործարար շրջանակների հետ, որից հետո պատվիրակությունը կմեկնի Բրազիլիա: