Աշխատանքային հանդիպումներ Ամերիկայի Միացյալ Նահանգներում

Համահայկական խաղերի կազմակերպման, քաղաքային խորհուրդների ձևավորման, մարզական վիլիջի ստեղծման (Երևանում), ինչպես նաև ձմեռային 2-րդ (2025 թ․փետրվար, Ջերմուկ ) և ամառային 9-րդ (2027 թ․, օգոստոս ) խաղերի անցկացման աշխատանքների քննարկման նպատակով կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, փոխնախագահ Ալբերտ Բոյաջյանը (ԱՄՆ), գործկոմի անդամ Արմիկ Եբրահիմյանը (ԱՄՆ) և պատվավոր անդամ Ալֆրեդ Հավանը (Իրան-ԱՄՆ) մարտի 30-ին հանդիպեցին Լոս-Անջելեսի, Գլենդելի, Փասադենայի, Բըրբանքի, Գլենդել –Մոնթրոզի, Մալիբուի , Բևեռլի Հիլզի, Հոլիվուդի պատասխանատուների հետ ։


Շուրջ 2 ժամ տևած հանդիպման ընթացքում Իշխան Զաքարյանը ներկայացրեց իրավիճակը ամենայն մանրամասնությամբ՝ պատասխանելով բազմաթիվ հարցերի։ Նա տեղեկացրեց, որ խաղերի կազմակերպման նպատակով կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ արդեն 3 նիստ է անցկացվել, որից վերջինը՝ Ջերմուկում ։ Քննարկվել են բոլոր հարցերը, արձանագրվել է, որ Ջերմուկը պատրաստ է ընդունելու ձմեռային 2-րդ խաղերը՝ բացառությամբ հոկեյի, որը կանցկացվի Երևանում։

Շատ հետաքրքիր քննարկում ծավալվեց համահայկական խաղերի վիլիջ ստեղծելու գաղափարի շուրջ ։
Մասնակիցները միահամուռ ընդունեցին գաղափարը։ Ուրախացան, որ վիլիջի ստեղծմամբ կլուծվի տարիներ շարունակ բոլորին մտահոգող կարևոր հարցը՝ մասնակիցները կապրեն կողք-կողքի ու միատեսակ պայմաններում։
Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ մի քանի անգամ քննարկվել է վիլիջի ստեղծման անհրաժեշտությունը։ Շատ կարևոր է, որ ՀՀ կառավարությունը օժանդակի շուրջ 4000 տեղանոց մարզական ավանի կառուցման աշխատանքներին։

Մայիս ամսին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի նիստում մանրամասն կքննարկվի այդ հարցը և կընդունվի համապատասխան որոշում։

Հանդիպումից մեկ օր առաջ Իշխան Զաքարյանը և Ալբերտ Բոյաջյանը Արմիկ Եբրահիմյանի ուղեկցությամբ այցելեցին Գլենդելի Հոմենթմենի ‹‹Արարատ›› մարզական ավան, ծանոթացան մարզավանի բավականին լավ ու հարուստ պատմությանն ու հնարավորություններին։

Առաջիկա օրերին սպասվում են հանդիպումներ Ամերիկայի այլ քաղաքների պատասխանատուների հետ։
Կոմիտեի նախագահի հաջորդ աշխատանքային այցը Եգիպտոս է։