Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի նիստ Ջերմուկում
Փետրվարի 1-ից 7-ը ՀՀ Ջերմուկ քաղաքում կանցկացվեն Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը: Խաղերին ընդառաջ, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեն նիստ էր գումարել Ջերմուկում, մասնակցությամբ` ՀԽՀԿ գործկոմի նախագահ Իշխան Զաքարյանի, Վայոց Ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի, ինչպես նաև մարզպետարանի, Ջերմուկի համայնքապետարանի, խաղերի կազմկոմիտեի ու ՀՀ ՆԳՆ ներկայացուցիչների:
Նիստի օրակարգում Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպչական հարցերն էին (նշանակվել են կոնկրետ պատասխանատուներ` խաղերի լուսաբանման, արարողակարգի, մրցավարական հանձնաժողովի, մարզական միջոցառումների, անվտանգության, հյուրանոցների, սննդի կազմակերպման, տեխնիկական հարցերի և տրանսպորտի):
Խաղերի բացման վայրում արդեն, ներկաները ծանոթացել են ձմեռային մարզաձևերի անցկացման ենթակառուցվածքների (ճոպանուղի, վազքուղիներ, սահադաշտ և այլն) տեխնիկական վիճակին, Ջերմուկի և հարակից տարածքների հյուրանոցային ու հյուրատնային հնարավորություններին:

