Իշխան Զաքարյան. Խոսում ենք հայկական միասնականության մասին. Սա հենց դրան է միտված

Պրն Զաքարյան, քաղաքի ամենաբանուկ հատվածում,    Հանրապետության հրապարակում, նախկին ԱԳՆ շենքի վրա հայտնվել են Համահայկական խաղերի մեծ պաստառները։ Հերթական խաղե՞րն են նախատեսվում։

– Ոչ թե նախատեսվում են, այլ՝ կազմակերպվում։ Օգոստոսին տեղի են ունենալու 8-րդ համահայկական խաղերը, ամիսներ առաջ կառավարության որոշմամբ ստեղծվել է կազմկոմիտե։ Գումարվել է երեք նիստ, տրված են հանձնարարականներ։ Դրանից հետո տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր։ Մի խոսքով արված է հսկայական աշխատանք, առջևում ավելի շատ գործ կա դեռ անելու. Նոր հարցեր են ծագում, նոր խնդիրներ։ Բայց դրանք բոլորը լուծվելու են, ոչ մի դժվարություններ մեզ չեն վախեցնում և մենք ունենալու ենք շատ լավ ու շատ կարևոր մարզական խաղեր։

Որքանո՞վ է նպատակահարմար այս դժվար, խառը պայմաններում նման միջոցառում կազմակերպելը։ Չե՞ք վախենում, որ ձեզ ճիշտ չեն հասկանա։

– Հենց դժվար ժամանակներում է այս գաղափարը առավել կարևոր։ Հենց դժվար ժամանակներում է համահայկականությունը կարևորվում։ Հենց դժվար ժամանակներում չպետք է վախենալ ու պատասխանատվություն վերցնել՝ լավ գործ, դժվար գործ, կարևոր գործ անելու համար։ Հանգիստ, հեշտ ժամանակներում ով ասես կանի։ Խոսում ենք համախմբվելու, հայկական միասնականության մասին. Սա հենց դրան է միտված։ Սա լինելու է մեծ տոն, որն ունի շատ խորքային շերտեր։

Կա՞ որևէ առանձնահատկություն, որով այս համահայկական խաղերը տարբերվելու են նախորդներից։

-Տարբերություններ իհարկե կան. Տարբերվելու են աշխարհում տիրող իրավիճակով, տարածաշրջանում տիրող վիճակով, Արցախի շրջափակումով և այլ բարդություններով։ Իհարկե, կարելի էր ձեռքներս ծալել, ոչինչ չանել։ Բայց մեր միանշանակ կարծիքն էր, որ, հենց այդ բոլոր դժվարությունները շատ լավ հասկանալով, պետք է անցկացնել համահայկական 8-րդ խաղերը։ Այս տեսակետը պաշտպանեց համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն, կառավարության որոշմամբ ստեղծվեց կազմկոմիտե և սկսվեցին աշխատանքները։

Մեծացնելու ենք խաղերի աշխարհագրությունը՝ օրինակ Միջին Ասիայում մենք ունենք լավ համայնքներ, բայց նրանք ներգրավված չեն եղել նախկինում։ Եղել եմ Միջին Ասիական պետություններում, հանդիպել եմ, բանակցել եմ, հանդիպել եմ լավ հայերի ու պայմանավորվել ենք աշխատել։ Եղել եմ Մոսկվայում, որտեղ կարևոր հանդիպումներ եմ ունեցել ՌԴ սպորտի նախարարի հետ, Մոսկվայի կառավարության սպորտի դեպարտամենտի ղեկավարի հետ, եղել եմ Մինսկում։ Հանդիպել եմ Բելառուսի սպորտի նախարարի հետ, մանրամասն քննարկումներ եմ ունեցել մեր դեսպանի հետ, եղել եմ Փարիզում, Համբուրգում, Ստամբուլում, Թեհրանում, առաջիկայում պլանավորված են այցեր՝ Վրաստան և արաբական երկրներ։ Գործը տանելու ենք առաջ։ Կանխատեսում եմ 3-4 նոր պետությունների հայ համայնքների մասնակցություն, որոնք մինչ այդ չէին մասնակցում Համահայկական խաղերին։ Իսկ մասնակիցների ընդհանուր թիվը 5000-ից ավել է կանխատեսվում։ Կարծում եմ հասկանալի է միջոցառման մասշտաբայնությունը և աշխարհագրական ընդգրկումը։

–  Այնուհանդերձ, սա մարզական միջոցառում է, թե՞ ավելի խորը նպատակներ ունեցող։

– 25 տարի առաջ ծնված գաղափարի հիմքում՝ համահայկականությունն էր, հայկական աշխարհի ամրությունը։ Սերունդներ են փոխվում, սերունդներ են մեծանում՝ օտար երկրներում, օտար միջավայրերում, հայերենին դժվար տիրապետող կամ ընդհանրապես չտիրապետող, կապեր են կտրվում ոչ միայն հայրենիքի հետ, այլև համայնքների միջև։ Համահայկական խաղերը, մեծ մարզական տոնի միջոցով, հայկականության, հայապահպանության, հայաստանակենտրոն հայության միավորման գաղափար է։ Սրա կարևորությունը ես չէ, որ պիտի բացատրեմ։ Վստահ եմ, ցանկացած բանական մարդ կհասկանա։ Ավելի վերքաղաքական, վերանձնային, վեր ամեն մասնավոր շահից այլ գաղափար այսօր դժվար է գտնել։

  Նախորդ խաղերը Արցախում էին, այսօր Արցախը շրջափակման մեջ է։ Կա՞ պատկերացում Արցախի թիմերի մասնակցության առումով։

– Մտածում ենք, աշխատում ենք, եկեք առաջ չընկնենք։ Մի բան կարող եմ վստահ ասել՝ Արցախը միշտ լինելու է համահայկականության առանցքում, այդ թվում՝ խաղերի։

–  Նախորդ խաղերի ջահը վառեցիք պատմական Կիլիկիայում՝ Մուսա լեռում, 2015թ Մեծ եղեռնի 100-ամյակի ջահը վառեցիք Վանում (Ախթամար կղզում)։ Որտե՞ղ է վառվելու այս խաղերի ջահը։

-Այս հարցը ամեն անգամ ինձ տալիս են։ Պատասխանը մեկն է։ Սպասեք հետաքրքիր անակնկալների, կամ ավելի ճիշտ՝ դանդաղ շտապեք։