Համահայկական ամառային ութերորդ խաղերը տեղի կունենան 2023 թվականի օգոստոսի 5-19-ը
Համահայկական ամառային ութերորդ խաղերը տեղի կունենան 2023 թվականի օգոստոսի 5-19-ը:
Բացման արարողությունը կկայանա Գյումրիում, փակման արարողությունը՝ Երևանում: Խաղերի պաշտոնական բացման, փակման օրերի և կազմակերպչական աշխատանքների հետ կապված մի շարք այլ որոշումներ կայացվել են «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ գործադիր կոմիտեի նիստում: Նիստին մասնակցել են Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը,փոխնախագահներ Ալբերտ Բոյաջյանը և Ռոլանդ Շառոյանը, գործկոմի անդամներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը նաև Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ է:
ՀԽՀԿ նախագահը ողջունել և շնորհակալություն է հայտնել գործկոմի կազմին՝ աշխարհի տարբեր ծայրերից ժամանելու և նիստին ներկա գտնվելու համար։ Ամառային 8-րդ խաղերի կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը ողջունելով խաղերի անցկացման գաղափարը նշել է, որ 2019 թվականին կայացած 7-րդ խաղերին կազմակերպմանը կառավարությունն առավելագույնս աջակցել է և հիմա էլ կրկնակի եռանդով պատրաստ է դա իրականացնել: Նա վստահեցրել է՝ հաջորդ խաղերին շատ ավելի լավ մարզադաշտեր, մարզադահլիճներ կունենանք: Օրինակ մարզահամերգային համալիրն այս պահին մի քանի դահլիճներով և ենթակառուցվածքներով արդեն կարող է բազմաթիվ մրցումներ ընդունել: «Համահայկական խաղերը պետք է լինեն լավագույն ցուցիչը և իրադարձությունը, որոնք ցույց կտան մեր միակամությունը և այն, որ զարգացման բոլոր ուղղությունները, որ ունենք և այն իրադարձությունները, որոնք նախանշել ենք, կազմակերպելու ենք բոլոր դժվարություններով հանդերձ»-ասել է նա:
Գործկոմի նիստում քննարկվել է նաև համահայկական խաղերի մարզաձևերի ցանկն ընդլայնելու հարցը, մասնավորապես , դրանում ընդգրկելու կանանց ֆուտբոլը։ Քննարկվել է նաև Համահայկական խաղերի ընթացքում անցկացնել հաշմանդամային սպորտի մարզական խաղեր, որոնք կլնեն ցուցադրական բնույթի։
Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև Համահայկական ձմեռային խաղերին և որոշվել է, որ 2025 թվականի փետրվարին անցկացնել Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը:
Գործկոմի անդամ Հարություն Յավրյանը նկատել է, որ գործկոմի նիստը խորհրդանշական է՝ հիշեցնելով, որ ուղիղ 25 տարի առաջ, հենց հոկտեմբերին ու հենց նույն վայրում կայացել է ՀԽՀԿ գործադիր կոմիտեի առաջին նիստը՝ Համահայկական խաղերի հիմնադիրներից Աշոտ Մելիք-Շահնազարյանի նախագահությամբ, Ալբերտ Բոյաջյանի, Իշխան Զարաքյանի և իր մասնակցությամբ:
ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանի առաջարկով որոշվել է Գործկոմի և Համահայկական 8-րդ խաղերի կառավարական կազկոմիտեի համատեղ նիստն անցկացնել 2023 թվականին Երուսաղեմում ։