Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և փոխնախարար Կարեն Գիլոյանի հետ
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և փոխնախարար Կարեն Գիլոյանի հետ։ Հանդիպման նպատակը համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստական ու կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ հարցերի քննարկումն էր։
Կոմիտեի նախագահը նշել է, որ հատկապես ԿԳՄՍ նախարարության անելիքը խաղերի ընթացքում շատ կարևոր և առանցքային է։
Անհրաժեշտ է ձևավորել մրցավարական կազմը, խաղերի կազմակերպման գործում ընդգրկել Համահայկական խաղերում առկա մարզաձևերի ֆեդերացիաներին, ապահովել նախարարության աշխատակիցների ներկայությունը՝ խաղերին մասնակցելու ժամանած պատվիրակությաննների հետ աշխատանքների իրականացման հարցում։
Իշխան Զաքարյանը խնդրել է նաև տարբեր օտար լեզուների տիրապետող ուսանողներից կամավորական խմբեր ձևավորել, որոնք կուղեկցեն խաղերի մասնակից պատվիրակություններին։
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև մարզասրահների խնդրին։ Պայմանավորվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ գույքագրել մարզական կառույցներն ու գնահատել վերջիններիս վիճակը և պատրաստել խաղերին։
ԿԳՄՍ նախարարը նշել է, որ նախարարությունը սիրով պատրաստ է համագործակցության և կանի այնպես, որ խաղերն անցնեն ըստ պատշաճի։