ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՉՈՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

        Համահայկական խաղերի անցկացումը մեծ լիցք է հաղորդում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը: Մշակութային, կրթական, մասնագիտական բազում այլ նախաձեռնությունների հետ մեկտեղ այս խաղերի նախաձեռնումն արտացոլում է Սփյուռքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականությունը, որի հիմնաքարը հայապահպանությունն է:

            Բազմաթիվ երկրներից ժամանող հազարավոր հայազգի մարզիկ-մարզուհիները, մրցավարները, մարզիչները, թիմերի երկրպագուները հնարավորություն են ստանում մոտիկից ծանոթանալու Հայաստանին: Համահայկական խաղերը տարբեր երկրներում գործող հայկական մարզական ակումբների միջև կապեր հաստատելու, Սփյուռքի համայնքների շփման արդյունավետ միջոց են:

             Կարևորում եմ նաև խաղերի մարզական նշանակությունը: Մարզական մրցակցության ոգով կազմակերպված խաղերը երիտասարդությանը տալիս են անկաշկանդ շփման հնարավորություն, խորացնում են առողջ ապրելակերպի ավանդույթները, նպաստում սպորտի մասսայականացմանը:

            Վստահ եմ, որ Հայաստանում գտնվելու ընթացքում Սփյուռքից ժամանած մասնակիցները ձեռք  կբերեն բազմաթիվ ընկերներ, կհասցնեն այցելել Հայաստանի հիշարժան վայրերը և կվերագտնեն իրենց պատմական հայրենիքը:

            Շնորհավորում եմ բոլորիս Համահայկական չորրորդ խաղերի անցկացման կապակցությամբ և մասնակիցներին մաղթում սպորտային նվաճումներ: