Ֆրանսիայում եմ մեծացել, բայց հայ եմ ու ամեն անգամ հայրենիք ժամանելս վայելք է

Լիոնի ֆուտզալի թիմի ներկայացուցիչ Նժդեհ Պետիկյանը շատ ուրախ է, որ Համահայկական 8-րդ խաղերը հերթական անգամ հայրենիք գալու առիթ են ստեղծել։ Արդեն 3-րդ անգամ է Հայաստանում։ Մրցումների զուգահեռ օգտվում հայաստանցի իր բարեկամների հետ ժամանակ անցկացնելու հնարավորությունից։

«Շատ լավ է անցնում։ Ընտանիք ունեմ այստեղ, ընկերներ, եղբայրներ, երկիրս է։ Ֆրանսիայում եմ մեծացել, բայց հայ եմ ու ամեն անգամ հայրենիք ժամանելս վայելք է»,– նշում է նա։

Նժդեհը Համահայկական խաղերին առաջին անգամ է մասնակցում։ Նախորդ՝ 7-րդ խաղերի ընթացքում նույնպես Հայաստանում է եղել, սակայն միայն որպես հանդիսատես։ Այս անգամ փորձում է հաղթանակներ տանել Լիոնի ֆուտզալի թիմի կազմում։

«Օգոստոսի 3-ին ենք եկել։ Խաղում ենք։ Ֆուտզալի թիմում 12 մարզիկ ենք։ Ֆրասիայում աշխատում եմ և երբեմն էլ ֆուտզալ խաղում»,– պատմում է նա։

Մրցումներից ազատ ժամանակը՝ երիտասարդը փորձում է որքան հնարավոր է, հետաքրքիր անցկացնել։ Խաղերի մասնակիցների հետ այցելելում է Հայաստանի տեսարժան վայրեր։ Բացի այդ՝ նախատեսում են ընտանիքով էլ շրջել Հայաստանով։

«Սարդարապատ ենք գնալու, Սևան, Տաթև»,– նշում է նա։
Համահայկական խաղերը սկսվել են օգոստոսի 5-ին։ Կավարտվեն օգոստոսի 19-ին։ Հայաստան են ժամանել 41 երկրների 181 քաղաքների 7 հազարից ավելի մարզիկներ։