Այս անգամ ամեն ինչ  կազմակերպված էր բարձր մակարդակով․ Բուզանդ Կասսաբիան

Համահայկական ամառային 8-րդ խաղերի բադմինթոնի առաջնությանը ներկա էր Բուլղարիայի բադմինթոնի ֆեդերացիայի նախկին նախագահ, միջազգային ֆեդերացիայի նախկին անդամ Բուզանդ Կասսաբիանը։

-Պարոն Կասսաբիան, Դուք մասնակցել եք բոլոր համահայկական խաղերին։ Ի՞նչ նվաճումների եք հասել այդ խաղերի ընթացքում։

– Այո, ամբողջ խաղերին մասնակցել եմ։ 2 անգամ Հայկ Միսակյանի հետ, որը չեմպիոն էր, 2 անգամ ստացել եմ ոսկե մեդալ Հայաստան-Բուլղարիա և մեկ անգամ ստացել եմ արծաթ զուգախաղերում։ Որպես նախագահ էլ եմ մասնակցել, բայց հաջողությունների եմ հասել 10 անգամ որպես մասնակից։

– Նշեցիք որ որպես նախագահ ներկա եք գտնվել։ Քանի՞ տարի եք նախագահել։

–  25 տարի եղել եմ Բուլղարիայի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ, այնուհետև 5 տարի եղել եմ գլխավոր քարտուղար նույն ֆեդերացիայում և 10 տարի որպես անդամ եղել եմ միջազգային ֆեդերացիայում։

–  Համահայկական խաղերի բացման արարողությանը ներկա գտնվե՞լ եք, ինչպե՞ս եք այն գնահատում։

-Այո, մասնակցել եմ, բայց նստած եմ եղել։ Մեր բուլղարական խումբը անցավ` 6 հոգի բադմինթոն և 6 հոգի սեղանի թենիս։ Նախորդ խաղերի բացման միջոցառումների միջև մեծ տարբերություն չկար, բայց կարող եմ ասել, որ այս անգամ ամեն ինչ  կազմակերպված էր բարձր մակարդակով։ Նաև նկատեցի՝ մարզադաշտն էր վերանորոգված․ 2003 թվականի այս մարզադաշտում խաղերի ժամանակ եղել եմ, և այդ ժամանակ հին և վատ վիճակում էր։ Իսկ հիմա ամեն ինչ շատ լավ է և գեղեցիկ, այդ փաստի կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել մարզիկներին։ Խաղերը անցկացնելու համար դա շատ լավ վայր է։

–  Համահայկականի 1-ին խաղերին մասնակցում էր շուրջ 1100 մարզիկ, իսկ վերջին խաղերին շուրջ 10000։ Ի՞նչպես կգնահատեք այդ փաստը։

–  Այո, առաջին խաղերի ժամանակ հիշում եմ, որ ընդամենը 9 մարզաձև էր, իսկ հիմա ավելացել է թե’ մարզաձևերի, թե’ մարզիկների քանակը։ Այս տարի միայն բադմինթոնի առաջնությանը մասնակցում է շուրջ 100 մարզիկ և դա շատ ուրախացնող է ու ոգևորող։

–  Համահայկական խաղերի ընդհանուր կազմակերպվածությունը ինչպե՞ս եք գնահատում։

–  Ամեն ինչ շատ լավ է, սակայն ինձ համար առաջանում է բարդություն խաղերին ներկա գտնվելու առումով, որովհետև մարզաձևերը անցկացվում են տարբեր քաղաքներում։ Բայց ընդհանուր առմամբ դա այդքան էլ մեծ խնդիր չէ։ Ուստի կազմակերպվածության համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բադմինթոնի ֆեդերացիային և համահայկական խաղերի կոմիտեին։

Ավետիս Կակոյան