Իշխան Զաքարյանը պարգևատրել է Կարեն Գիլոյանին և Համահայկական խաղերի կամավորներին

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը  պարգևատրել է մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանին, որը 1999 թվականից մինչև այժմ վարում է Համահայկական խաղերի մարզական շքերթը: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մեդալով պարգևատրված մեկնաբանը խաղերը որակել է հայապահպանության լավագույն միջոց:

«Երջանիկ եմ, որ 20 տարի շարունակ արժանանում եմ Համահայկական խաղերի մարզական շքերթը վարելու պատվին: Խաղերի կոմիտեն շատ մեծ գործ է անում, ուրախ եմ, որ կարող եմ իմ լուման ներդնել այս ամենում»,- ասել է Կարեն Գիլոյանը:

 

Ներկաները վստահեցրել են, որ կշարունակեն գործակցել՝  սպորտի միջոցով միավորելով աշխարհասփյուռ հայությանը:

Իշխան Զաքարյանը  հավաստագրեր և նվերներ է հանձնել նաև Համահայկական 7- րդ ամառային խաղերի կամավորներին:

Նա շնորհավորել է խաղերի փայլուն անցկացման առթիվ և շնորհակալություն հայտնել երիտասարդներին ամբողջ ժամանակ աշխարհի տարբեր ծայրերից հայրենիք ժամանած մասնակիցների հետ լինելու համար:

 

 

«Սփյուռքից, Արցախից և Հայաստանի Հանրապետությունից շատ դրական են արձագանքները Համահայկական խաղերի վերաբերյալ: Այդ ամենում կարևոր ներդրում ունեցաք դուք՝ կամավորներդ: Ձեր աշխատանքը շատ բարձր է գնահատվում թե՛ Արցախում, թե՛ այստեղ: Մենք բազմաթիվ նախագծեր ունենք Համահայկականի շրջանակում և ապագայում նույնպես սիրով կգործակցենք ձեզ հետ»,- ասել է Իշխան Զաքարյանը:

 

 

 

Կամավորներն, իրենց հերթին, շնորհակալություն են հայտնել դրսևորվելու հնարավորություն ունենալու համար և նշել, որ պատրաստակամ են հետագայում էլ աշխատել Համահայկական խաղերի կազմակերպիչների հետ: