Համահայկական խաղերին մեր մասնակցությունը մեզ նոր ուժ տվեց․ «Մարալ» համույթի ղեկավար

Համահայկական 8-րդ խաղերի պաշտոնական բացմանը այս տարի առաջին անգամ մասնակցել է Սփյուռքի 5 պարային խումբ՝ Թեհրանի «Զարթոնքը», Վրաստանի «Ախալցխան», Թեհրանի «Արարատը», Սոչիի «Արարատը» և Ստամբուլի «Մարալը» Պոլսի «Մարալ» երգի պարի համույթը նաև հանդես է եկել երևանյան համերգով։

Գեղարվեստական ղեկավար Կարպիս Չափքանն ասում է՝ Հայաստանում անցկացվող համահայկական խաղերի շրջանակում «Մարալի» ելույթը իրենց համար ցնծություն է ու մեծ պատիվ։ «Համահայկական խաղերին մեր մասնակցությունը մեզ նոր ուժ տվեց», -ասաց համույթի գեղարվեստական ղեկավարը։ «Մարալը» Հայաստաան է ժամանել 52 հոգանոց կազմով։

Նրանց մեջ մեծ մասը երիտասարդներ են, որոնք երբևէ չեն եղել Հայաստանում։ Համահայկական խաղերի շրջանակում «Մարալը» Հայաստան ժամանել էր 2011 թվականին և դրանից հետո, ըստ Կարպիս Չափքանի, խմբի կազմը փոփոխությունների է ենթարկվել, երիտասարդացել է։ Նա նկատեց, որ համույթի մեծ մասը Երևանը առաջին անգամ էր տեսնում, և շատ սիրեցին մայրաքաղաքը, Հայաստանը։ «Համահայկական խաղերը մեզ համար մտերմիկ միջավայր են բոլոր աշխարհի հայերի հետ ծանոթանալու, շփվելու համար։

Մեր ստեղծած մշաակույթը կարիք ունենք տարածել ամբողջ աշխարհի հայերի շրջանում, այդ պատճառով մեզ համար շատ կարևոր էր այս հնարավորությունը։ Սա մեզ համար նոր ուժ է ու նոր ծրագրեր պատրաստելու առիթ»,- մեզ հետ զրույցում ասաց համույթի ղեկավարը։

Ի նշան երախտագիտության, Եսայան Սաների միության անդամ Սարգիս Մէնշուրը «Մարալ» համույթի անունից Համահայկական խաղերի համաշխարհայն կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին հուշանվեր է հանձնել։