Համահայկական խաղերի մարզական շքերթի ամենափոքր մասնակիցը 4.5 ամսական էր

Համահայկական խաղերի բացման արարողության ժամանակ հաղորդավարի ու հանդիսատեսի ուշադրությունը գրաված ամենափոքր մասնակիցը 4.5 ամսական Զաքարն էր Ռուսաստանից։ Նա հայրենիք է եկել Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի պատվիրակության հետ՝ հեծանվորդ Հայկ Զաքարյանի որդին է։ Նույն պատվիրակության կազմում էր նաև հեծանվորդի մայրը՝ Նունե Զաքարյանն ով ասում է, որ Համահայկական խաղերն իրական տոն են և խաղերի ամբողջ իմաստն ու գաղափարն այն է, որ բոլորը գան հայրենիք, ուստի իրենց համար շատ կարևոր է, որ երեխան հենց այս տարիքից սկսի սիրել, ճանաչել ու զգալ հայրենիքը։

«Մենք շատ ոգևորությամբ ենք եկել համահայկական 8-րդ խաղերին։ Շատ ենք սիրում մեր հայրենիքը։ Ցանկանում էինք ցույց տալ մեր թոռնիկին մեր հայրենիքը, թե ինչ ոգևորությամբ են ամբողջ աշխարհի հայերը գալիս ու մասնակցում այս յուրօրինակ խաղերին։ Երեխան գուցե շատ բան չի հասկանում, բնականաբար չի պատկերացնում, բայց խաղերի ոգին այքան հզոր է, որ չէր կարող չզգալ»– ասում է տիկին Նունեն ու ավելացնում․ «Որ մեծանա, նկարները ցույց կտանք, կասենք, որ մեր հայրենիքի այս յուրահատուկ խաղերին ինքը մասնակցել է»։
Արմավիրի պատվիրակությունը փոքր է։ Խաղերին ժամանել են ընդամենը 7 հոգով․ «7 հոգի փոքրիկն է հետը (խմբ․ ծիծաղում է)»,- կատակում է տիկին Նունեն։

Արմավիրի պատվիրակության միակ հեծանվորդը՝ Հայկն ասում է, որ խաղերին մասնակցել է հաճույքով ու սիրով, ճիշտ է մրցանակային տեղ չի զբաղեցրել, սակայն՝ կարևորը արդյունքը չէ։ «Մեկ ամիս առաջ Հայաստանում էինք, հենց իմացանք համահայկական խաղերի մասին, ընտանիքով որոշեցինք, որ անպայման պետք է մասնակցենք։ Մի ամիս օր ու գիշեր պարապել եմ, վերականգնել ուժերս ու մարզավիճակս, քանի որ վաղուց թողել էի հեծանվային սպորտը։ Վերջին անգամ 2015 թվականին էի պարապել ու դարձյալ մասնակցել համահայկական խաղերին»,-ասում է Հայկ Զաքարյանը։

Տիկին Նունեի խոսքով, Համահայկական խաղերին մասնակցելը իրենց համար մեծ հպարտություն էր։ Նա ասում է, որ չնայած Ռուսաստանում բնակվում են 2000 թվականից, սակայն Հայաստան գալիս՝ տարին 2-3 անգամ։ Վերջին այցն ընդամենը 1 ամիս առաջ է եղել։ Այս անգամ հատուկ խաղերին մասնակցելու նպատակով են այստեղ, իսկ հետագայում ծրագրում են այլևս չհեռանալ հայրենիքից։

«Ուզում ենք վերադառնալ Հայաստան՝ մեր հայրենիքը, մեր հայրենի գյուղը։ Պատրաստվում ենք այնտեղ տուն կառուցել և վերադառնալ հայրենիք։ Ուզում եմ թոռնիկս մեծանա իր հայրենիքում»,– ասում է նա։
Համահայկական 8-րդ խաղերն անցկացվում են օգոստոսի 5-19։ Հայաստան են ժամանել 41 երկրների 181 քաղաքների 7000-ից ավելի մասնակիցներ։