Հայերը՝ կենգուրուների երկրից․ «Ունենք խաղացողներ, որոնք ավելի քիչ են հայերի հետ շփված, ու նրանց համար մեծ ուրախություն է հայաշատ վայրում լինելը»

Ավստրալիայի պատվիրակությունը Համահայկական ամառային խաղերին մասնակցում է հիմնադրման օրից՝ 1999-ից։ Ութ անգամ այս պատվիրակությունը մասնակցել է համահայկական սպորտային կարևոր միջոցառմանը ու միշտ էլ նոր կազմով, նոր ուժերով։

Ավստրալիայի պաատվիրակության պատասխանատու Ռազմիկ Ասատրյանը Համահայկական խաղերում ավստրալահայերին ուղեկցում է արդեն երկու անգամ։ «Բոլոր տարիներին Ավստրալիան մեծ կազմով Համահայկական խաղերի մաս է կազմել», -ասում է Ասատրյանը;
Թիմում մշտապես ունեցել են ֆուտբոլ ու բասկետբոլ մարզաձևերում հանդես եկող խմբեր, որոնց լրացրել են թեթև աթլետները, լողորդները, թենիս և սեղանի թենիս խաղացողները։

Այս տարի առանձին խաղեր անցկացվել են հանրապետության տարբեր մարզերում, ինչն ըստ Ասատրյանի, որոշակի բարդացրել է մարզիկների տեղաշարժը, սակայն միևնույն է՝ նրանք տեսել են Հայաստանի տարբեր քաղաքներ, ինչպիսիք են՝ Գյումրին, Ամասիան, Աբովյանը, Չարենցավանը։

«Հաճելի է, ուրախությամբ ճամփորդում ենք մի քանի ժամ։ Կարողանում ենք հավաքել երեխաներին ու մեկնել քաղաքներ», -նշում է Ռազմիկ Ասատրյանը։

Ամեն տարի, պատվիրակության ղեկավարի փոխանցմամբ, Ավստրալիայի պատվիրակությունը մեծամասամբ ներկայանում է նոր կազմով, և նրանք բոլորն էլ առաջին անգամ են այցելում Հայաստան։ Այս տարին բացառություն չէ։

«Մեր պատվիրակության կազմում բացառապես հայեր են, բայց նրանց մեծամասնությունը առաջին անգամ է գալիս Հայաստան, ունենք խաղացողներ, որոնք ավելի քիչ են հայերի հետ շփված, ու նրանց համար մեծ ուրախություն է հայաշատ վայրում լինելը։ Մեր նպատակը հենց դա է, մեր նպատակն է՝ օգտագործել այս առիթը ու հայրենիքում չեղած երեխաներին, բերել, ծանոթացնել Հայաստանը։ Շատ են եղել դեպքեր, երբ մարզիկը խաղերի ժամանակ եկել է Հայաստան ու դրանից հետո սկսել է պարբերաբար ճամփոդել դեպի Հայաստան, քաջալերել ընտանիքին, որ միասին գան Հայաստան։ Դա մեզ կրկնակի ուժ է տալիս, որ նոր եռանդով մասնակցենք հաջորդ խաղերին», -ասում է ավստրալահայ խաղացողների ղեկավարը։

Հիշեցնենք՝ Համահայկական խաղերի պաշտոնական բացման արարողության ժամանակ Ավստրալիայի պատվիրակությունը կենգուրուներով փուչիկներով էր դուրս եկել բեմ։

Ռազմիկ Ասատրյանի խոսքով, իրենց խումբը ուր գնում է՝ կենգուրու է տանում։ «Գիտեք՝ կենգուրու լինում է միայն Ավստրալիայում, և մեր խումբը ուր ճամփորդի, իր հետ կենգուրուներ է տանում։ Ամբողջ աշխարհը հենց կենգուրու է տեսնում, գիտի՝ Ավստրալիայից են, այդ պատճառով այստեղ էլ մեզ հետ կենգուրուներ բերեցինք։ Բացի այդ, մեր բոլոր մարզիկները ունեն հուշանվեր կենգուրուներ և խաղերի ժամանակ նույնիսկ հանդիսատեսին կենգուրուներ էին բաժանում։ Այդպես մեր խումբը կարողանում է հանդիսատեսի հետ կապ ստեղծել։ Շատ հետաքրքիր է, և մարդիկ մեզ սիրում են ու քաջալերում են»,- նշում է Ռազմիկ Ասատրյանը։