ՀԽՀԿ նախագահը հյուրընկալել է արգենտինահայերին

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը օգոստոսի 14-ին ընդունել է Արգենտինայի պատվիրակության անդամներին։ Նա շնորհակալություն է հայտնել արգենտինահայ երիտասարդներին ակտիվ մասնակցության համար և հորդորել կապեր գտնել Հայաստանում ու հաճախ այցելել հայրենիք։

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Արգենտինայի պատվիրակության ներկայացուցիչների մեծ մասը Համահայկական 8-րդ խաղերում հանդես է եկել ֆուտբոլ, ֆուտզալ մրցաձևերում, ինչպես նաև՝ թենիսի, սեղանի թենիսի, հրաձգության մրցելույթներում։

Արգենտինայի պատվիրակության ղեկավար, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Ավետիս Թոքատլյանը իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանին ներդրած ջանքերի ու նման միջոցառում կազմակերպելու համար։

Նշենք, որ այս պատվիրակության 85 տոկոսը առաջին անգամ են Հայաստանում։ «Գալիս ենք ու մեր գաղութի երիտասարդներին բերում մայր Հայաստան։ Այս անգամ նրանց 85 տոկոսը առաջին անգամ է գալիս Հայաստան։ Սերունդը փոխվել է։ Անցյալ սերունդը արդեն երեք անգամ եկել, մասնակցել է խաղերին։ Երիտասարդներին ենք աջակցում, որ գան տեսնեն իրենց հայրենիքը, շփվեն հայրենակիցների հետ», -ասում է պարոն Թոքատլյանը։